‘Արտաշատում ՀԱԿ ներկայացուցիչ. ՀՀԿ-ին տեղեր տրամադրելու մասին խոսք չի կարող լինել’

830

«Հայ ազգային կոնգրեսի Արտաշատի կառույցը որեւէ մեկին «հանձնաժողովի տեղեր չի տրամադրել»: iLur.am-ի հետ զրույցում ասաց Արտաշատում Կոնգրեսի կառույցի համակարգող Հարություն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այսօր մամուլում հայտնված լուրն այն մասին, թե իբր ՀԱԿ կառույցը տեղամասային հանձնաժողովներում իրեն հասանելիք անդամների տեղերը տրամադրել է ԲՀԿ եւ ՀՀԿ ներկայացուցիչներին:
Պարոն Հովհաննիսյանի խոսքով, կառույցը 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո ցուցակ է ներկայացրել՝ տեղամասային հանձնաժողովներում Կոնգրեսի ներկայացուցիչների անուններով: Ըստ նրա, ցուցակում Կոնգրեսի անդամներից բացի կան նաեւ ԲՀԿ անդամներ, բայց ոչ երբեք ՀՀԿ-ականներ:
«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ մենք համագործակցել ենք «Բարգավաճի» եւ «Դաշնակցության» հետ, եւ այս քայլն էլ այդ համագործակցության կոնտեքստում է տեղավորվում: Փոխադարձաբար, իրար օգնելով, բոլոր տեղամասերում հանձնաժողովների անդամներ ենք ներկայացնել, որպեսզի թափուր տեղեր չմնան», — ասաց պարոն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույն կերպ ներկա ընտրություններում, որոշ տեղամասերում, որտեղ Կոնգրեսի ներկայացուցիչ չի եղել, տեղերը տրամադրվել են ԲՀԿ ներկայացուցիչների:
«Մամուլում հայտնված հրապարակումից հետո մենք մեր ցուցակը բերեցինք Կոնգրեսի գրասենյակ եւ մանրամասն քննարկեցինք, հատ առ հատ նայեցինք, եւ Հենրիկի (Արտաշատում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի շտաբի պատասխանատու Հենրիկ Ավագյանը, որն էլ հրապարակել էր ցուցակը-խմբ.) ասած որեւէ բան չի համապատասխանում իրականությանը: Հանրապետականներին տեղ տրամադրելու մասին խոսք չկա, չի էլ կարող լինել», — ասաց մեր զրուցակիցը:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը ներկայացրել է իր ընկերուհուն. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկի Խոջալուի, Բաքվի, Սումգայիթի ջարդարարներին’