‘Արտաշես Գեղամյանը ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է’

1304

Սերժ Սարգսյանը իրեն շրջապատել է մարդկանցով, որոնց ընդամենը մի քանի տարի առաջ ծաղրում էր, եւ որոնք իրեն սուր քննադատության էին ենթարկում: Հիմա նրանք մի թիմից են, սակայն այսօր տեղին է հիշել, թե ընդամենը 2005-ին ինչ էր ասում Սերժ Սարգսյանը Արտաշես Գեղամյանի մասին.

«Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսումնական նոր մասնաշենքի բացմանը մասնակցելուց հետո, լրատվամիջոցներին հայտնեց, որ հետեւում էր սահմանադրական փոփոխությունների քննարկումներին:

«Ամիսներ շարունակ Ձեր միջոցով տեսակետներ էին արտահայտվում: ԱԺ-ում ուղղակի խտացվեց այդ տեսակետները»,- այդպես մեկնաբանեց նախարարը ընդդիմադիրների ելույթները: Անդրադառնալով «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի խորհրդարանական ելույթներին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Գեղամյանը, ինչպես միշտ, փորձել է ինչ-որ բան ասել: Նա ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է: Խուճապի մեջ է: Չգիտեմ՝ այս անգամ պատճառն ինչն է: Երեւի համագործակցելու առաջարկը (համատեքստից կարելի է ենթադրել, որ նախարարն ակնարկում է իշխանության հետ համագործակցելու՝ Գեղամյանի առաջարկը- Ռ. Մ.) մերժվել է: Եվ մարդը չգիտի՝ ինչ անի: Նրան թվում է, թե աշխարհը պտտվում է իր շուրջը: Նա չի հասկանում, որ եթե իր հախուռն ելույթները չլինեն, հարյուր տարի մենք նրան չենք հիշի»: Ս. Սարգսյանը նաեւ խոստովանեց, որ Գեղամյանի ելույթները չի լսել եւ դրանց մասին իմանում է միայն լրատվամիջոցներից. «Դուք չլինեիք, նրա ասածները որեւէ ուշադրության չէին արժանացնի: Շաբլոն բան է, մշտապես էլ խոսում է»: Անդրադառնալով Գեղամյանի  «պրովոկացիային»՝ կապված 1990թ. մայիսի 27-ի հետ, նախարարը նկատեց. «Գիտեք, երեւի թե ոգելից խմիչքի դոզան մի քիչ բարձր է եղել, եւ նա շփոթել է, որ ես այդ ժամանակ Ղարաբաղում էի»: Ապա հորդորեց լրագրողներին՝« թեման փակել, որովհետեւ ինքը (Գեղամյանը- Ռ. Մ.) շատ ուրախ է լինելու, որ մենք իրեն այսքան ժամանակ ենք հատկացնում»:

«Առավոտ», 2 սեպտեմբեր, 2005թ.

Նախորդ հոդվածը‘Գյումրիի «Մուշ-2» և «Անի» թաղամասերում ստեղծվել է աշխատանքային խումբ ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը’