‘Արտասահմանյան համարանիշներով մեքենաների դեպքում տեսանկարահանող սարքերն անզոր են. Մամուլ ‘

1054

«Ժողովուրդը» զրուցել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից.

Մարդիկ հույս ունեին, որ փողոցներում տեսախցիկներ տեղադրելուց հետո ճանապարհներին չէին հանդիպելու ՃՈ աշխատակիցներին: Սակայն այսօր այլ պատկեր է:

— Ազգաբնակչության մոտ կարծիք է ստեղծվել, որ ՃՈ ծառայությունը ստեղծված է միայն խախտումներ հայտնաբերելու կամ առհասարակ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար: ՃՈ աշխատակիցների աշխատանքի մեջ այլ խնդիրներ էլ են մտնում, օրինակ՝ ապահովում ենք բարձրաստիճան հյուրերի ուղեկցումները, վթարների սպասարկումը, ունենում ենք ծանր երթևեկություններ, որը ՃՈ տեսուչի կողմից կարգավորվում է: Այն խաչմերուկները, որտեղ տեսանկարահանվում են, ՃՈ-ն չի իրականացնում ծառայություն, արդեն կոնկրետ խախտումը ֆիքսում է տեսանկարահանող սարքը, իսկ մյուս վայրերում այդ աշխատանքը կատարում է ՃՈ աշխատակիցը:

Այսինքն՝ տեսախցիկների տեղադրումից հետո ՃՈ աշխատակիցների թիվը չի՞ կրճատվել: Կա՞ վիճակագրություն այդ մասին:

— Կոնկրետ Երևանում ՃՈ աշխատակիցների թիվը չի կրճատվել, մինչև տեսանկարահանող սարքերի տեղադրումը եղել է 250 հոգի, նույն ձևով պահպանվել է այդ թիվը: Մենք ծառայության ընթացքում լուծելու բազմաթիվ խնդիրներ ունենք:

-Իսկ ՃՈ-ն ինչո՞ւ վթարների ժամանակ չի կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ ԱՊՊԱ-ին սպասելիս ժամերով խցանումներ չառաջանան: Հնարավոր չէ՞` վթարից հետո ՃՈ աշխատակիցները կազմեն արձանագրություն, նկարահանեն դեպքի վայրը, այնուհետև մեքենաները դուրս բերեն փողոցից, մինչև ԱՊՊԱ-ն «ժամանի»: Որպես կանոն` ՃՈ-ն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն:

-Երբ որ մենք տեսնում ենք` իսկապես անելանելի վիճակ է, և բախված մեքենաների պատճառով կարող ենք ունենալ լուրջ խցանումներ, ՃՈ-ն (իհարկե, թվով շատ քիչ դեպքեր են լինում) նկարահանելով մեքենաները դուրս է բերում: Իմ տեղեկություններով` ոստիկանությունն օրենսդրական փոփոխություններով հանդես կգա, որպեսզի տեսանկարահանման միջոցով կարողանանք մեքենաներն արագ դուրս բերել ու խուսափել խցանումներից:

-Պարբերաբար Երևանում հայտնվում են վրացական, ռուսական, իրանական պետհամարանիշերով մեքենաներ, երբ դրանք խախտում են ՃԵԿ-ը, որը ֆիքսվում է նաև տեսանկարահանող սարքերի կողմից, ու՞մ է ուղարկվում տույժի մասին տեղեկացնող նամակը:

-Այժմ որևէ գործողություն չի իրականացվում, բայց ես Ձեզ վստահեցնում եմ, որ շատ շուտով մաքսային կետերում մենք կունենանք կոնկրետ հաշվառում այդ մեքենաների հետ կապված, ու հանրապետության սահմանից դուրս գալիս իրենք կվճարեն իրենց կողմից կատարած խախտման համար:

-Ե՞րբ է վերջ տրվելու Երևան-Սևան ավտոմայրուղու վրա ՃՈ աշխատակիցների «պահմտոցիներին»:

-Թույլ տվեք Ձեր նշած «պահմտոցու» հետ չհամաձայնել: Կոնկրետ այդ հարցով պետք է 2-րդ գումարտակ դիմեք, բայց ինձ թվում է` դա այդպես չէ:

-Իսկ կան այնպիսի համարանիշերով ավտոմեքենաներ, որ ՃՈ աշխատակիցները վախենում են կանգնեցնել և տուգանել` անկախ նրանց թույլ տված խախտումի տեսակից:

-Չկա այդպիսի մի մեքենա, չկա այդպիսի մի ՀՀ քաղաքացի, չկա ժողովրդի լեզվով ասած շքեղ մի համարանիշ, որ կարող է ՃՈ-ի վրա ինչ-որ ազդեցություն թողնել: Այդ կարծիքը ստեղծվում է միայն այն մարդկանց մոտ, որոնք փորձում են պատսպարվել այդ կարծիքի հետևում պարզապես աշխատանք չիրականացնելով: Անպատժելի վարորդ Երևան քաղաքում գոյություն չունի:

Նախորդ հոդվածը‘Ցոլակյանը հերքում է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’