‘
Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Ժարրոյի հետ:
Ինչպես հաղորդում են ԱԳՆ-ից, հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի ԱԻՆ Հայպետհիդրոմետի տնօրեն Լևոն Վարդանյանը, նախարար Նալբանդյանը կարևորել է Հայաստանի փոխգործակցությունը ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության հետ:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ՀՕԿ մշտական աջակցության` մասնավորապես Կամավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստացված տարատեսակ տեխնիկական օժանդակության համար: Նա հավելեց, որ Հայաստանը հետաքրքրված է օդերևութաբանության ոլորտում առաջավոր փորձի և գիտելիքների ներդրմամբ և այդ ուղղությամբ ակնկալում է ՀՕԿ-ի շարունակական օժանդակությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՕԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության ակտիվ անդամներից մեկը և մասնակցում է դրա շրջանակներում բոլոր ութ ուղղություններով իրականացվող համագործակցությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հաջողությամբ համատեղել է օդերևութաբանության և հիդրոլոգիայի ոլորտները, ինչպես նաև կարևորել, որ Հայաստանում բուհական մակարդակով դասավանդում է հիդրոօդերևութաբանություն առարկան:
‘