‘
La Nacion-ի հետ հարցազրույցում իտալացի լեգենդար մարզիչ Արրիգո Սակկին խոստովանել է ֆուտբոլում իր հաջողության գաղտնիքը, նշել, թե ով է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն արգենտինացի ֆուտբոլիստը և խոսել շատ այլ բաների մասին։
Արրիգոն արդեն 70 տարեկան է, բայց ակտիվ գործունեություն է իրականացնում՝ աշխատելով հեռուստատեսությունում որպես մեկնաբան։ Անհագ, կրքոտ և նույն խիզախ մարդը, ինչպես 80-ականներին, երբ ստեղծեց հզոր «Միլանը»։
— Մարադոնայի դեմ խաղալը վատագույնն էր, ինչ կարող էր պատահել։ Նա ոչնչից կարող էր գոլային պահ ստեղծել։ Մի անգամ խաղում էինք Միլանում։ Մոտավորապես 20-րդ րոպեին Դիեգոն գնդակ ստացավ, շրջանցեց 2 խաղացողի և փոխանցում կատարեց Կարեկային։ 1-0։ Երբեք չեմ տեսել մեկ այլ խաղացողի, ով այդքան տարբերվի մյուսներից։
— Մարադոնան պատմության մեջ լավագույն արգենտինացի՞ն է։
— Այո, նաև դի Ստեֆանոն։ Այս երկուսը մեծագույններն են։ Նրանք տարբեր են, բայց երկուսն էլ ականավոր են։ Մարադոնան ամենատաղանդավորն է, դի Ստեֆանոն էլ էր հասցնում ամենուրեք։
— Մեսսին չէ՞ր հավասարվի նրանց։
— Մեսսին այսօր աշխարհի լավագույն խաղացողն է, բայց նա այն մասշտաբի անձ չէ, ինչպես Դիեգոն։ Մարադոնան կարողանում էր ամենուրեք հանդես գալ։ Իտալիայում հարգի չէ գեղեցիկ ֆուտբոլը, չնայած հիմա իրավիճակը մի քիչ բարելավվել է։ Եվ այն ժամանակ շատ դժվար էր խաղալ, դժվար էր տիրել գնդակին։ Մարադոնան տարբերվում էր և՛ Իտալիայում, և՛ Իսպանիայում։ Ոչինչ չէր կարող նրան կանգնեցնել։
— Ինչու՞ Արգենտինայի հավաքականին չի հաջողվում օգտվել նրանից, որ այնտեղ է հանդես գալ Մեսսին։
— Առաջին հերթին կարևոր է թիմը։ Այո, Մեսսիի հետ ավելի հեշտ է, բայց մի խաղացողը չի կարող ամեն ինչ իր ուսերին տանել։ Սիլվիո Բեռլուսկոնին միշտ ասում է. «Եթե ֆիլմի սցենարը լավը չէ՝ ոչ մի դերասան այն չի փրկի, թեկուզ՝ Ռոբերտ դե Նիրոն, Ջեկ Նիկոլսոնը կամ էլ Ջորջ Քլունին»։ Ինչ եք կարծում, այդպիսի ֆիլմը կսիրվի՞։ Իհարկե՝ ոչ։ Որովհետև չկա գլխավորը։
Նույնն է նաև ֆուտբոլի պարագայում։ Պետք է ունենալ 11 խաղացող հսկայական մոտիվացիայով, հրաշալի թիմային ոգով։ Մարզիչն էլ է կարևոր, չէ՞ որ նա է կառուցում թիմային խաղը։ Եթե դուք տաղանդ ունեք՝ գերազանց է։ Հապա նայեք Գերմանիային, որը մշտապես հաղթում է կամ մոտ է հաղթանակին։ Սա նրանից է, որ նրանք ծրագիր ունեն։ Արգենտինան միշտ ֆավորիտների թվում է, բայց պետք է աշխատի թիմային ոգու ուղղությամբ։
—Եթե Մեսսին չլիներ, Կրիշտիանու Ռոնալդուն տարիներով լավագու՞յնը կլիներ։
— Կրիշտիանուն իսկական պրոֆեսիոնալի օրինակ է։ Նա չունի Մեսսիի տաղանդը, բայց նա մեծագույն խաղացող է։ Մի անգամ գնացի Մադրիդ, որպեսզի հանդիպեմ Կառլո Անչելոտիի հետ։ Դեռ մինչև մարզումը Ռոնալդուն արդեն վարժություններ էր կատարում հանդերձարանում։ Նա հաղթանակի հանդեպ մեծ կամք ունի, խաղի հանդեպ հսկայական կիրք։ Առանց կրքի ոչնչի չես հասնի։
— Բացի Մեսսիից ո՞ր արգենտինացիներն են ձեզ դուր գալիս։
— Դի Մարիան, Տևեսը, Մասկերանոն, Բիլյան։ Նրանք բոլորը բարձ մակարդակի վրա են, իսկական են, մի խոսքով՝ պրոֆեսիոնալ։ Բրազիլիայում, օրինակ, միշտ եղել են մեծագույն խաղացողներ, բայց ոչ բոլորն են եղել պրոֆեսիոնալ։
— Իսկ Դիբալա՞ն։
— Ձեզ մի դեպք պատմեմ։ Երկու տարի առաջ խոսում էի Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ու նրան ասացի, որ նա պետք է «Էմպոլիից» Մաուրիցիո Սարրիին մարզիչ նշանակի, ինչպես նաև գնի Դիբալային՝ «Պալերմոյից»։ Դիբալան ֆենոմեն է, գերազանց խաղացող, հրաշալի տղա։ Առաջին հերթին ես մարդկային արժանիքներն եմ գնահատում։
Երբ ես պայմանագիր էի կնքում «Սարագոսայից» Ֆրանկ Ռայկարդի հետ, իմ օգնականին 20 օրով այնտեղ ուղարկեցի, որպեսզի հետևի, թե ինչպես է Ֆրանկը մարզվում, ինչ է ուտում, ինչպես է իրեն պահում մրցակիցների դեմ, ինչպես է շփվում թիմակիցների հետ։ Եթե երբևէ ես սխալվել եմ՝ ես սխալվել եմ անձի հարցում, բայց ոչ երբեք՝ խաղացողի։ Դիբալան ֆանտաստիկ է, և ես վստահ եմ, որ նա կարող է նշանակալի առաջխաղացում ունենալ։
— Ի՞նչ եք մտածում Դիեգո Սիմեոնեի աշխատանքի մասին։
— Նա հիասքանչ աշխատանք է կատարում «Ատլետիկոյում»։ Նրա թիմը հրաշալի է գործում առանց գնդակի, գերազանց է պաշտպանվում։ Բայց գնդակով այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում։ Այդպիսի ֆուտբոլն իմ սրտով չէ։ Չնայած, իհարկե, Սիմեոնեն թոփ-մակարդակի մարզիչ է։
— Նորմա՞լ եք համարում, որ «Յուվենտուսը» մոտ 100 մլն եվրո վճարեց Իգուաինի համար։
— Նա ապշեցուցիչ, անզուգական, անհավանական մրցաշրջան անցկացրեց։ Գիտ՞եք, թե ինչպիսին է ֆուտբոլի աշխարհը։ Այնտեղ կարևոր են նաև հույզերը, իսկ Գոնսալոն շատ հույզեր էր արթնացնում։ Հիմա շատ փող է ծախսվում։ Ինձ սարսափեցնում է ֆուտբոլի ապագան։ Չէ՞ որ այն ավելի ու ավելի շատ է վերածվում բիզնեսի։
‘