‘Արցախի թեմի առաջնորդը սեփականաշնորհել է սարկավագատունը եվ վաճառել. «Հրապարակ»’

3006

Այս պատմությունն արտառոց է Ղարաբաղի համար: Հնազանդությունն իշխանությանը Արցախի բնակիչների գենետիկ հատկությունն է: Նրանք հազվադեպ են բողոքում իշխանավորների դեմ, լսող են, հնազանդ: Երևանցի հյուրերին, որոնք զարմանում են, տեսնելով ղարաբաղցիների մեծամասնության թշվառ, անապահով և հլու հնազանդ վիճակը, բացատրում են մեկ նախադասությամբ. «Մենք պատերազմ տեսած ժողովուրդ ենք»: Եվ սպիտակ ագռավ է դառնում նա, ով ըմբոստանում է այս համընդհանուր լռության մեջ:

Սիփան Պետրոսյան: Ծնունդով Շուշիից: 2008 թվականին  մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմի աստվածաբանական ճեմարան, և վերադարձել է 2011 թվականին: Շուշիում համախմբել է մի քանի երիտասարդների և հիմնել «Եկեղեցասեր երիտասարդների միությունը»: Ուզում էր հասարակության և եկեղեցու միջև ներդաշնակ հարաբերություններ ստեղծել, բարձրացնել մարդկանց խնդիրները պետական մարմիններում, բայց շատ արագ բախվեց պատի:

«Արցախի համահայկական հիմնադրամն զբաղվում է բնակարանաշինության ծրագրով: Այս պատրվակով բանկային ծառայություն է մատուցում ժողովրդին,- պատմում է Սիփանը,- վերցնելով Շուշիի ավերակ բազմահարկ շենքերը՝ վերանորոգում են և շուկայականից բարձր գնով վաճառում ժողովրդին: Նաև կա հիպոթեք կոչվածը, այսինքն, բնակչությունը հնարավորություն ունի հիպոթեքով գնել, 15-20 տարվա ընթացքում փակել այս գումարը, սակայն սա նրանց համար է, ովքեր ունեն 200-250 հազար դրամ աշխատավարձ, իսկ Արցախում միջին աշխատավարձը, փաստացի, 50-60 հազար է»: Սիփան Պետրոսյանը պատմեց, որ ինքը ևս, լինելով երիտասարդ ընտանիքի հայր, փորձել է օգտվել այս ծրագրից, սակայն կառավարությունից պատասխանել են, որ ազատ բնակարաններ չկան: Ըստ Սիփան Պետրոսյանի, Արցախի թեմի առաջնորդը՝ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, իրեն առաջարկել է 20 հազար դոլարով գնել իր բնակարանը, որը մի ժամանակ եկեղեցու սարկավագատունն էր, և որը սրբազանը սեփականաշնորհել էր: «Դա 4 ամիս առաջ էր: Իր տներից մեկը, որը եկեղեցուց ներքև է, վաճառեց Տեր Անդրեաս քահանային, իսկ վերևինը ինձ վրա փորձեց վաճառել: Ասեցի, որ չունեմ այդ գումարը, առաջարկեց, որ հիպոթեքով վերցնեմ: Ասեցի, որ ես 41 հազար աշխատավարձ եմ ստանում եկեղեցուց, ինչպե՞ս գնեմ: Ասեց, որ ինքը կապեր ունի և կօգնի ինձ: Այսպես, «Արցախբանկ»-ի տնօրենի միջոցով՝ Կամո Ներսիսյանի, որը հանդիսանում է նրա ընկերը, միջնորդեց, և նա գրեց ինձ 280 հազար դրամ աշխատավարձ, որպեսզի ես կարողանամ գնել իրեն պատկանող բնակարանը: Ես պետք է եկեղեցու աշխատավարձով և ծեսերից եկող գումարներից վճարեի 55 հազար դրամ՝ ամիսը: —

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Կատարյալ «Բարսելոնա»՝ երկրպագուների կողմից’
Հաջորդ հոդվածը‘«Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանն ու աչքերը, կտրել ոտքի մատը’