‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ադրբեջանցիները լքում են Ջաբրայիլը’

3453

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերին ռադիոյի միջոցով տեղեկացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ, դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում եւ ամեն դեպքում տալիս են որոշակի պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

 

Օգոստոսի վերջին տասնօրյակում, կարճ դադարից հետո վերսկսվում են մարտերը Արցախում` այս անգամ կենտրոնանալով Լաչին-Ղուբաթլի եւ հարակից ուղղություններով:  Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի անկումից կարճ ժամանակ անց, Ղուբաթլին նույնպես պետք է ընկնի հայկական վերահսկողության տակ:

 

1993 օգոստոսի 22

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ադրբեջանական կողմը ձախողեց բանակցությունները եւ խափանեց հրադադարը: Ռմբակոծվել է Մարտունիի շրջանի Գեւորգաշեն գյուղը:

 

1993 օգոստոսի 23

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հակառակորդը գրոհներ է ձեռնարկել Լաչինի միջանցքի ուղղությամբ` Ղուբաթլիից:

  

1993 օգոստոսի 24

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ Արցախի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմաններում համեմատաբար հանգիստ է: Կարեւոր բարձունքները վերահսկվում են հայ մարտիկների կողմից: Օրերս գերի է ընկել 50 ադրբեջանցի զինվոր:

Շարունակվել են գրոհները Լաչինի միջանցքի ուղղությամբ Ղուբաթլիից: Զոհվել է 5 ազատամարտիկ:

Միաժամանակ ադրբեջանցիները լքում են Ջաբրայիլը:

 

1993 օգոստոսի 25

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ մարտեր են տեղի ունենում Գորիսի եւ Կապանի սահմաններին: Թշնամու բոլոր հարվածները ետ են մղվում:

 

1993 օգոստոսի 26

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ Հայաստանի սահմաններին մարտերը մեղմացել են:

Զանգելանից եւ Ղուբաթլիից գրոհներ են ձեռնարկվել Հադրութի ուղղությամբ: Հարձակումը ետ է մղվել: Խփվել է թշնամու 3 տանկ: Այսօր նոր հարձակում է սկսվել այդ ճակատում:

Մարտեր են ընթանում նաեւ Լաչինի միջանցքի ուղղությամբ: Թշնամին ետ է մղվում:

Փորձեր են կատարվել հատել Հայաստանի սահմանը Գետակբեկ-Կրասնոսելսկ ուղղությամբ, որոնք ետ են մղվել:

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 , 8, 9 10 11,  1213, 14

 

Նախորդ հոդվածը‘«Հետք». «Նաիրիտի» գործը փակվեց «հանցակազմի բացակայության» պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը’