‘
Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում՝ տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:
Եվ այսպես, սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ որոշ ժամանակ անց դուք ամբողջական պատկերացում կունենաք այդ օրերի ռազմական իրադրության մասին:
1993 հուլիսի 21-23
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ամսի 21-ից, հրետանային նախապատրաստությունից հետո սկսվել է ադրբեջանական բանակի հարձակումը Ասկերանի ուղղությամբ, ավիացիայի եւ «երկիր-երկիր» հրթիռների օգտագործմամբ: Ամսի 21-ին եւ 22-ին ծավալվել են թեժ մարտեր: Հայկական ուժերը կարողացել են կասեցնել թշնամու գրոհը: Ամսի 23-ից մարտերը ծավալվել են նաեւ Մարտակերտի շրջանում՝ Մատաղիսի ուղղությամբ: Հայկական ուժերը խփել են մեկ ինքնաթիռ եւ մեկ ուղղաթիռ: Ռմբակոծվել է Ստեփանակերտը: Հայկական ուժերն անցել են հակագրոհի: Ոչնչացվում են Աղդամի շրջանի կրակակետերը:
1993 հուլիսի 24
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ շարունակվում են մարտերը Ասկերան-Աղդամ ճակատում: Թշնամու բոլոր գրոները ետ են մղվում: Ոչնչացվել են մի քանի կրակակետեր Աղդամի շրջանում:
1993 հուլիսի 25
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հայկական ուժերը խափանել են թշնամու գրոհները Մարտակերտի շրջանում՝ Մաղավուզի եւ շրջկենտրոնի ուղղությամբ:
Աղդամի շրջանում մի քանի ռազմակետերի ոչնչացումից հետո ադրբեջանական զինվորների փախուստը Աղդամ քաղաքից զանգվածային բնույթ է ստացել: Ադրբեջանական բանակը կրել է խայտառակ պարտություն:
1993 հուլիսի 26
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ամսի 24-ի երեկոյան կնքվել է եռօրյա զինադադար Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ, որն ուժի մեջ է մտել ամսի 25-ից: Որոշված է վարել երկկողմանի բանակցություններ:
Մեկնաբանություն. Աղդամի գրավմամբ ավարտվում է Ղարաբաղյան պատերազմի հերթական փուլը, որը սկսվում է 1993-ի հունիսից եւ տեւում մինչեւ հուլիսի վերջ: Այդ շրջանում ազատագրվում են Մարտակերտ շրջկենտրոնը եւ Աղդամը: Սա Մարտակերտի ձմեռային եւ Քելբաջարի գարնանային գործողություններից հետո հայկական կողմի երրորդ փայլուն հաղթանակն էր տարվա ընթացքում: Օգոստոսից մարտերը կծավալվեն արդեն հարավային ուղղությամբ՝ դեպի Ֆիզուլի, Ղուբաթլու, Ջաբրայիլ եւ Զանգելան:
‘