‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Իրանական զորքերը մտել են Նախիջեւանի ջրամբարի տարածք’

1643

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ, դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

 

Օգոստոսի վերջին տասնօրյակում, կարճ դադարից հետո վերսկսվում են մարտերը Արցախում, այս անգամ կենտրոնանալով Լաչին-Ղուբաթլի եւ հարակից ուղղություններով: Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի անկումից կարճ ժամանակ անց, Ղուբաթլին նույնպես պետք է ընկնի հայկական վերահսկղության տակ:

1993 օգոստոսի 27

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ 26-ի, լույս 27-ի գիշերվանից շարունակվում է թշնամու հարձակումը Հադրութի շրջանի հարավ-արեւմտյան մասի ուղղությամբ՝ Ղուբաթլիից: Վերջին տվյալներով ղարաբաղան կողմը կարողանում է դիմակայել թշնամու ճնշմանը: Դիրքերը մնում են անփոփոխ, չնայած ադրբեջանական այն հաղորդագրություններին, թե հայերը հասել են Իրանի սահմանին:

1993 օգոստոսի 30

Հայաստանի ռադիոն հաղորդում է, երեկ երեկոյան ադրբեջանակն խոշոր ջոկատ փորձել է ճեղքել հայկական պաշտպանական դիրքերը Լաչինում: Թշնամին ետ է մղվել: Շարունակվում է թշնամու կրակակետերի ոչնչացումը Ֆիզուլիում եւ Ջեբրայիլում:

1993 օգոստոսի 31

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ երկու ինքնաթիռ ռմբակոծել են Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղը: Ադրբեջանցիները հարձակում են կազմակերպել դեպի Ղուբաթլու ուղված արցախցիների դիրքերի ուղղությամբ: Թշնամին ետ է մղվել, խփվել է 3 տանկ: Ոչնչացվել են թշնամու մի քանի կրակակետեր: Հայկական կողմից մահացել է մեկ եւ վիրավորվել 4 մարդ:

1993 սեպտեմբերի 01

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հետ շպրտելով ադրբեջանական գրոհը Լաչինի ուղղությամբ՝ արցախցիներն անցնելով հակագորհի, գրավել են կարեւոր բարձունքներ Ղուբաթլիի մոտ: Խփվել է թշնամու զրահատեխնիկայի 7 միավոր, մեկ ՄԻ 24 ինքնաթիռ: Թշնամին կրել է կենդանի ուժի զգալի կորուստներ: ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ կնքվել է զինադադար մինչեւ սեպտեմբերի 10:

1993 սեպտեմբերի 02

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հայտարարված է, թե հայկական զորքերը դուրս են բերվելու Ղուբաթլիի 30 բնակավայրերից, այդ թվում շրջկենտրոնից:

Իրանական զորքերը մտել են Նախիջեւանի ջրամբարի տարածք:

Մեկնաբանություն գրառումների հեղինակից.  այսպիսով հայկական ռադիոյի զգուշավոր, գրեթե այլաբանանակն հաղորդոմներից իմանում ենք, հայկական ուժերի հերթական հաջողակ՝ Ղուբաթլիի գործողության ավարտի մասին: Սեպտեմբերի մեկի դրությամբ այն արդեն հայկական վերահսկղության տակ էր: Մարտերn Արցախում, որոշ բացառությյուններով պասիվանում են մինչեւ հոկտեմբերի վերջ: Մենք նույնպես դադար կվերցնենք մինչեւ հոկտեմբեր:

Շարքի նախորդ նյութերը`1345, 67 , 8, 9 10 11,  1213, 14, 15 

Նախորդ հոդվածը‘Չլուծված են մնում անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների բազմաթիվ խնդիրներ’
Հաջորդ հոդվածը‘Խաղաղության միջազգային օրը թուրքերը մտածում են Սիրիայի մասին’