‘
Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:
Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:
1993 հունիսի 17
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ գնդակոծվել են Հադրութի շրջանի գյուղերը: Շարունակվում են մարտերը Մարտակերտի շրջանում: Հայակական ուժերը հակահարվածներ են հասցնում թշնամուն:
1993 հունիսի 18
Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ խփվել է հակառակորդի ՍՈՒ 25 մակնիշի ինքնաթիռ: Նախորդ օրը ռմբակոծվել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Հայկական ուժերը վերագրավել են կորցրած դիրքերը Մարտակերտի շրջանում, եւ ետ մղել հարձակումը Մաղավուզ գյուղի ուղղությամբ:
Կարճ փոխհրաձգություններ Կրասնոսելսկի շրջանում:
Շարքի նախորդ նյութերը` այստեղ, այստեղ եւ այստեղ:
‘