‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Կատաղի մարտեր Մարտակերտի շրջանում ‘

2771

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

1993 հունիսի 16

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ կատաղի մարտեր են տեղի ունեցել Մարտակերտի շրջանում: Հայկական ուժերը վերահսկում են նախկինում գրավված բարձունքները:

Մեկնաբանություն գրառումների հեղինակի կողմից. հաղորդագրությունից երեւում է, որ նախորդ երկու օրը սկսված մարտերը շարունակվում են: Նախորդ հաղորդագրություններում ոչինչ չի ասվում հայկական ուժերի կողմից գրավված բարձունքների մասին, իսկ ահա ամսի 16-ի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ դեպի Մարտակերտ եւ Աղդամ ծավալվող գործողության նախաձեռնությունը հայկական կողմինն է, որը կարողացել է առաջին օրերից առաջխաղացում ապահովել:

Շարքի նախորդ նյութերը` այստեղ եւ այստեղ:  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն բաց է ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ սկսելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխելու ժամանակը’