‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հայկական ուժերը մտել են Ֆիզուլի’

6548

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր  ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

1993-ի հուլիսի վերջին՝ Մարտակերտի եւ Աղդամի ազատագրումից հետո, մարտերը ժամանակավորապես դադարում են՝ վերսկսվելով օգոստոսի երկրորդ շաբաթվանից, այս անգամ արդեն ծավալվելով հարավային ուղղությամբ՝ դեպի Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլի-Զանգելան, որոնք հայկական ուժերի ծրագրավորված գործողությունների արդյունքում պետք է հերթով ընկնեն հայերի ձեռքը: Հայկական ռադիոն, իհարկե, ավելի շատ խոսում է թշնամու գրոհների եւ մերոնց հակահարվածների մասին՝ հասկանալի պատճառներով, սակայն, ուշադիր ունկնդիրն արդեն այն ժամանակ հիմնականում հասկանում էր, թե ո՛ր դեպքերում իրոք կասեցվել են թշնամու գրոհները, իսկ ո՛ր դեպքերում այդ հաղորդագրություններում քողարկված են հայկական ուժերի հաջող հարձակողական գործողությունները: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումն այդ օրերի ռազմական իրադրության մասին:

Օգոստոսի 7-ից մեկնարկում է Ֆիզուլիի գործողությունը, որն ավարտի է հասցվում կարճ ժամկետում՝ մոտ 10 օրում:

1993 օգոստոսի 16

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ըստ Բաքվի՝ հայերը, գրավելով կարեւոր բարձունքներ, շրջապատել են Ֆիզուլի շրջկենտրոնը: Հայկական կողմը, հերքելով այդ պնդումները, հաղորդում է, որ թուրքերը գրոհ են ձեռնարկել Հադրութի շրջանի արեւմտյան եւ Մարտունու շրջանի հարավային մասերի ուղղությամբ: Հարձակումը կասեցվել է:

Գրոհ է ձեռնարկվել նաեւ Մեղրու ուղղությամբ՝ Զանգելանի շրջանից, որը եւս կասեցվել է:

1993 օգոստոսի 17

Հայաստանի ռադիոն տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ֆիզուլի քաղաքի մեկ երրորդ մասը գրավված է հայերի կողմից:

Լեռնային Ղարաբաղից հայտնում են, որ ներկայումս կատաղի մարտեր են ընթանում Հադրութի շրջանի հարավում: Ի պատասխան ադրբեջանական կողմի գրոհների՝ հայկական ուժերը ոչնչացնում են Ֆիզուլու շրջկենտրոնի մոտ տեղակայված կրակակետերը:

1993 օգոստոսի 18

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ կնքվել է 5-օրյա հրադադար՝ հետագա բանակցությունների պայմանով:

Մեկնաբանություն գրառումների հեղինակից.  Այսպիսով՝ ավարտի է հասնում հայկական ուժերի հերթական հաջողակ՝ Ֆիզուլիի գործողությունը: Հայկական ռադիոյի զգուշավոր եւ այլաբանական հաղորդումներից երեւում է, որ օգոստոսի 17-18 դրությամբ հայկական կողմը ազատագրել է Ֆիզուլի շրջկենտրոնը: Մարտերը դադարում են մի քանի օրով, որպեսզի վերսկսվեն նոր՝ Լաչին-Ղուբաթլի ուղղությամբ: 

 

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 , 8, 9 10 11,  12, 13

Նախորդ հոդվածը‘«Ազատություն» ռ/կ. Հայաստանը «Սմերչ»-ի նմանօրինակ չինական AR1A հրթիռային համակարգեր է ձեռք բերել’
Հաջորդ հոդվածը‘Երկրպագեք սեւ փոքրիկ զգեստներին. Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է ‘