‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հասունանում է Աղդամի ազատագրումը’

6061

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ  դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես՝ սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր, Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ընթացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումն այդ օրերի ռազմական իրադրության մասին:

 

1993 հուլիսի 05

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ըստ Մոսկվայի ռադիոյի՝ հայկական ուժերը կարողացել են կասեցնել թուրքերի լայնածավալ հարձակումը: Մարտերն այսօր շարունակվում են՝ մի փոքր մեղմանալով Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում: Ասկերանի ուղղությամբ հայերը ոչնչացրել են Աղդամի շրջանի Շիլի գյուղի մոտակա բարձունքի մոտ գտնվող թշնամու կրակակետը:

Երեկ երեկոյան հրետակոծվել են Ստեփանակերտն ու Ասկերանը:

Խփվել է թշնամում ՍՈՒ-25 ինքնաթիռ:

 

1993 հուլիսի 06

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ լույս գիշերը թուրքերը նոր հարձակում են սկսել Ասկերանի շրջանի ուղղությամբ: Թշնամին ետ է մղվել: Շիլի գյուղի բարձունքները վերահսկվում են հայկական ուժերի կողմից:

Երեկ երեկոյան հրետակոծվել են Հադրութի շրջանի սահմանամերձ գյուղերը:

Շարունակվում են դիրքային մարտերը Մարտակերտի շրջանում:

 

1993 հուլիսի 07

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ իրադրությունն էականորեն չի փոխվել: Երեկ երեկոյան հրետակոծվել են Ասկերանի եւ Հադրութի սահմանամերձ վայրերը:

 

1993 հուլիսի 08

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ երեկ երեկոյան թշնամու օդային ուժերը ռմբակոծել են Ասկերանը, որից հետո անցել են լայնածավալ հարձակման: Հայկական ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու գրոհը: Ավելին՝ հայկական կազմավորումները ամրապնդվել են ավելի հարմար դիրքերում: Խփվել է մեկ տանկ: Թշնամին թողել է 40 սպանված: Այսօր մարտերն ավելի ինտենսիվանալով՝ շարունակվել են: Հրետակոծվել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղը:

Մարտակերտի շրջանում շարունակվում են դիրքային փոխհրաձգություններ:

 

1993 հուլիսի 09

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ լույս գիշերը թուրքերը հարձակում են ձեռնարկել Ասկերանի ուղղությամբ: Հարձակումը կասեցվել է:

Խփվել է թշնամու մեկ ինքնաթիռ:

Մեկնաբանություն. ինչպես երեւում է հաղորդումներից՝ մարտերի հիմնական ուղղությունը տեղափոխվել է Ասկերան-Աղդամի ուղղությամբ, որտեղ հայկական ուժերը աստիճանաբար հաջողություններ են գրանցում՝ առաջանալով դեպի Աղդամի շրջան: Հասունանում է Աղդամի ազատագրումը: 

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 , 8,

Նախորդ հոդվածը‘Բուդաղյանների հայրը պնդում է, որ որդիների վրա կրակել է նախկին մարզպետի որդին’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում կայացավ ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը’