‘Արցախում նշում են անկախության հռչակման 23-րդ տարեդարձը’

878

Արցախում անկախության տոնի մեկնարկը տրվել է վաղ առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում, որտեղ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, մտավորականներն ու քաղաքական գործիչները այցելել են հուշահամալիր և ծաղկեպսակներ դրել զոհված ազատամարտիկների, զինվորների եւ ԼՂ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին։ «Արմենպրես»ի փոխանցմամբ, նախատեսված է նաեւ պարգևատրման արարողություն, որից հետո Ստեփանակերտում կանցկացվեն տոնական տարատեսակ միջոցառումներ եւ շքերթներ:

Երեկոյան տոնական միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում կայանալիք տոնական համերգով, որին կմասնակցեն Արցախի և Հայաստանի երգիչ-երգչուհիները:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ սեպտեմբերի 2-ով հայոց պետականության պատմության մեջ նոր էջ բացվեց եւ կերտվեց հայկական երկրորդ հանրապետությունը: «Մենք պետք է Արցախի անկախությունը դիտարկենք որպես հայոց պետականության անբաժան մի մաս, ոչ թե անջատենք Արցախն ու հայոց պատմությունը: Սա մեր ընդհանուր պատմության մի կարևոր էջն է»,- ասաց նա:

Ստեփանակերտում այսօր կայանալիք միջոցառումներին կմասնակցեն նաեւ Լիտվայի Սեյմի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ- պատգամավորները:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության:

Նախորդ հոդվածը‘Իսրայելում կընթանա Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարգախոսով ակցիա’
Հաջորդ հոդվածը‘Անապայում զբոսաշրջիկին քարով հարվածել են Ռուսաստանի հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար’