‘
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
«Սա այն կարեւորագույն պետական տոնն է, որը մենք ավանդաբար նշում ենք խորին հպարտության ու պատասխանատվության զգացումով համակված: Հպարտություն` իր ազատությունն ու անկախությունը քաջ զավակների արյամբ նվաճած եւ այժմ էլ ապագան սեփական ձեռքերով կերտող մեր հերոսական ժողովրդի համար: Պատասխանատվություն` մեծագույն զոհողությունների գնով ձեռք բերած պետականությունն օր օրի ամրապնդելու, հայրենի հողը շենացնելու, սերունդներին ուժեղ ու զարգացած հայրենիք թողնելու համար», — ասվում է նախագահի ուղերձի մեջ: Մենք լի ենք վճռականությամբ ու հաստատակամությամբ` հաջողությամբ ու միասնաբար լուծելու այս բոլոր խնդիրները, լուծելու ամենօրյա համատեղ ու քրտնաջան աշխատանքի միջոցով, Հայաստանի հանրապետության եւ Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների գործուն աջակցությամբ», — ասվում է Բակո Սահակյանի ուղերձի մեջ:
1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում էր ազգային ինքնավարություններին իրավունք տրամադրել ինքնուրույն կերպով որոշելու սեփական պետաիրավական կարգավիճակը՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում:
1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի ընթացքում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը, արտահայտվեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին: Դրան հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը: Անկախ ԼՂՀ կառավարությունը իր պարտականությունների իրականացմանն անցավ բացարձակ շրջափակման և նրան հետևած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:
‘