‘Արքայազն Ուիլյամը դատի է տվել ֆրանսիական ամսագրին՝ կնոջ լուսանկարները հրապարակելու համար’

1417

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ արքայազն Ուիլյամն իր տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթի հետ միասին դատական հայց են ներկայացրել ֆրանսիական Closer ամսագրի դեմ անձնական կյանքին միջամտելու համար: Ամսագիրն օրերս լուսանկարներ էր հրապարակել, որտեղ դքսուհին պատկերված է լողավազանում՝ մերկ կրծքով, — հայտնում է BBC-ն:

Լուսանկարները զբաղեցնում են ամսագրի չորս էջերը: Դրանք արված են մեծ հեռավորությունից: Որոշ նկարների մեջ Քեյթը պատկերված է ամուսնու հետ՝ առանց լողազգեստի վերնամասի: Արքայական տան ներկայացուցիչները հայտնել են, որ չափազանց «վրդովված եւ վշտցած են» իրենց անձնական կյանքին «աբսուրդ եւ ոչնչով չհիմնավորված» միջամտությունից:

Ֆրանսիական ամսագրի խմբագրությունում հաստատում են, որ լուսանկարներն արված են նախորդ շաբաթ՝ ֆրանսիական մի ամրոցում Քեյթի եւ Ուիլյամի հանգստի ժամանակ:   Ամսագրի խմբագիր Լորանս Պիոն հայտարարել է, թե լուսանկարների հրապարակման մեջ վնասակար որեւէ բան չկա՝ հավելելով, որ դրանք ոչ մի կերպ չի կարելի «ցնցող» անվանել:

Հայտնի է դարձել, որ լուսանկարների հեղինակն ավելի վաղ առաջարկել է դրանք բրիտանական ամսագրերից մեկին, որը, սակայն, հրաժարվել է հրապարակել լուսանկարները:

 Արքայական ընտանիքին վրդովվեցրել է հատկապես այն հանգամանքը, որ իրենց անձնական կյանքին կրկին միջամտեում են մի երկրում, որտեղ 15 տարի առաջ նույնպես մամուլի ներկայացուցիչների «գրոհների» ֆոնի վրա վախճանվեց Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան: 

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Պետք է հավատալ հավաքականին’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը պարտվել է Ճապոնիայի ընտրանուն’