‘Աֆղանական պատերազմի վետերանը 28 տարի անց ցնցող բացահյատումներ է անում’

785

Եկատերինբուրգի բնակիչ Վլադիմիր Պատրակովը, որը 1980-ականների կեսերին ծառայել է Աֆղանստանում, դեպքերից 28 տարի անց որոշել է մերկացնել բանակի ղեկավարությանը, որոնց պատճառով  չորս զինվորի սխալմամբ հերոս են հայտարարել: Ըստ Պատրակովի՝այդ զինվորներն իրականում մահացել են ցրտից, քանի որ նրանց տաք հագուստ չի տրվել: 65-ամյա թոշակառուն պնդում է, որ զորամասի հրամանատարը հրամայել է կրակել արդեն մահացած տղաների մարմնին, որպեսզի հետո զեկուցագրում գրի, թե նրանք զոհվել են դուշմանների գնդակից: Պատրակովը լրագրողներին պատմել է 1985 թ. նոյեմբերի 17-ի դեպքերը, երբ ինքը գնացել է Բահրամի դիարան՝ այնտեղից իր մի բարեկամի դիակը հայրենիք տեղափոխելու նպատակով, ու տեսել է, որ դիարան են բերել 108-րդ մոտոհրաձգային դիվիզիայի չորս շարքային զինվորների դիակները: Նրանցից երկուսը, ըստ Պատրակովի, ուզբեկներ են եղել: Ուղեկցող սպան հայտնել է, որ զինվորները մահացել են ցրտահարությունից, քանի որ հրամանատարը նրանց տաք հագուստ (բուշլատ) չի տվել: Նույն օրը երեկոյան, վետերանի խոսքերով, ինքը տեսել է, թե ինչպես են երկու զինվոր կրակում զոհվածների դիակների վրա: Երբ Պատրակովը զայրացած փորձել է միջամտել, զինվորները պատասխանել են, որ հրաման են կատարում: Ուշագրավ է, որ բոլոր չորսին էլ կրակել են թևատակերին՝ միակ տեղը,որը զրահաբաճկոնով չի պաշտպանվում և խոցելի է:

Պաշտպանության նախարարության անանուն աղբյուրը հայտարարել է, որ նախ փորձաքննությունը պետք է պարզի վետերանի մեղսունակությունը, և եթե այդ հարցում ամեն ինչ կարգին լինի, ապա անկախ հանցագործության վաղեմությունից՝ զորամասի հրամանատարի նկատմամբ քրեական գործ կհարուցվի անփութության, պաշտոնական դիրքի չարաշահման և վտանգի մեջ լքելու մեղադրանքներով, հաղորդում է newsru.com-ը: 

Նախորդ հոդվածը‘Դատախազությունը ՀՀԿ-ականների կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հաղորդումը կքննի’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանի վրա կրակելու մեջ կասկածվողը՝ էպոսագետի հարևանն է’