‘
Չորս մարդ զոհվել է Աֆղանստանի նախագահի թեկնածու Աբդուլա Աբդուլայի ավտոշարասյան մոտ որոտացած երկու պայթյունների հետեւանքով, հաղորդել է France-Presse գործակալությունը: Khamma Press-ի տվյալներով՝ վիրավորվել է 17 մարդ:
Պայթուցիկ սարքերը գործի են դրվել այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենում նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող թեկնածուի նախընտրական հանրահավաքը: Աբդուլան չի տուժել:
Խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: Նախկինում «Թալիբան» շարժման գրոհայինները մի քանի նման հարձակում են գործել Աբդուլայի ներկայացուցիչների վրա:
Հունիսի 14-ին նշանակված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, մրցելու են ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ Աֆղանստանի ԱԳՆ նախկին ղեկավար Աբդուլա Աբդուլան և ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը (համապատասխանաբար՝ 45,0 % և 31,6 %): Փոխանցում է ria.ru-ն:
‘