Աֆղանստանի առնվազն 1,5 մլն քաղաքացիներ, որոնք բարձրագույն կրթություն ունեն, ներկայումս գործազուրկ են։
Այդ մասին տեղեկացրել է արմատական «Թալիբան» շարժման ձևավորած կառավարությունում երիտասարդության հարցերով փոխնախարար Մոհամեդ Յունուս Ռաշիդը։
«Մեզ մոտ Աֆղանստանում մոտավորապես 3 միլիոն երիտասարդներ բարձրագույն կրթություն ունեն, և նրանց առնվազն կեսը գործազուրկ է,- փոխնախարարի խոսքն է մեջբերել TOLOnews հեռուստաալիքը։- Միաժամանակ, երկրում ամեն տարի բացվում է մոտավորապես 10 հազար հաստիք, սակայն գործազրկության ընթացիկ մակարդակի համեմատ դա շատ քիչ է»։
Հայտարարությունն արվել է աֆղանական Ջաուզջան գավառում ուսումնական կենտրոնի շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում, երբ մի քանի երիտասարդներ պաշտոնյաներին են դիմել՝ պահանջելով ավելի շատ աշխատատեղեր և ուսումնական հաստատություններ ստեղծել։ Փոխնախարարը հավաստիացրել է, որ երիտասարդները հնարավորություն կունենան մասնագիտական պատրաստություն անցնելու առցանց բիզնեսի բնագավառում։ Պաշտոնյան չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք կանայք նույնպես կկարողանան օգտվել այդ ուսումնական ծրագրերից։
Փոխանցում է tass.ru-ն։