‘Աֆղանստանում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը կերկարաձգվի’

580

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի` ՄԱԱՈՒ-ի (ISAF), կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը նախատեսվում է երկարաձգել ևս երկու տարով` մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:

Այս փոփոխությունը նախատեսված է «2009 թ. հոկտեմբերի 19-ին և 2009 թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ» 2012 թ.-ի նոյեմբերի 8-ին և 2012 թ.-ի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրով: Այն ներառված է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի դեկտեմբերի 17-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Դեկտեմբերի 11-ին Սահմանադրական դատարանը, քննության առնելով համաձայնագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության հարցը որոշելու հիման վրա գործը, որոշել է, որ դրանք համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, հայտնում է «Փաստինֆոն»:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը` մեկ դասակ, 2010 թ.-ի փետրվարից ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ-ի հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները:

2011թ. Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմն ավելացվել է` հասցվելով 121-ի: Պայմանագրային զինծառայողներից 40-ը առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:

Նախորդ հոդվածը‘Իշխող վարչակարգի դեմ կարող է դուրս գալ միայն մեկ մարդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը’
Հաջորդ հոդվածը‘2012թ. Հայաստանի լավագույն մարզիկների եւ թիմերի անունները’