‘
Աֆղանստանի կառավարությունը սեպտեմբերի 30-ին երկրում երկօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ 1970-ական թթ. կոմունիստական ռեժիմի կողմից սպանված հազարավոր զոհերի, հաղորդում է France-Presse գործակալությունը:
Սուգը հայտարարվել է նախկինում լայն հանրությանն անծանոթ ցուցակի հրապարակումից հետո, որում ընդգրկված անձանց մահվանը 1978-1979 թթ. առնչություն են ունեցել աֆղանական հատուկ ծառայությունները: Ցուցակը հայտանաբերվել է հոլանդացի հետաքննիչների կողմից, որոնք քննում են Աֆղանստանում ռազմական հանցագործությունները: Այս փաստաթղթի գոյության մասին հայտնի է դարձել 2010 թ., աֆղանական հետախուզության նախկին ղեկավարներից մեկի՝ Ամանուլլա Ուսմանի հարցաքննությունից հետո, ով 1993 թ. տեղափոխվել էր Նիդեռլանդներ: Վերջինս, մասնավորապես, խոստովանել էր, որ գնդակահարության ցուցակներ է ստորագրել: Քննության ընթացքում հոլանդացիները ընկել էին 93-ամյա մի կնոջ հետքի վրա, ում մոտ պահպանվել էր 154 էջանոց դարիերեն մի տեքստ, որի թարգմանությունից հետո պարզվել էր, որ դա 1978-1979 թթ. գնդակահարված մարդկանց ցուցակ է:Ցուցակում նշված էին ոչ միայն զոհերի՝ դասախոսներ, ուսանողներ, պաշտոնյաներ, զինվորականներ, խանութպաններ, այլև նրանց հայրերի անունները, մասնագիտությունը, հասցեն, ինչպես նաև մեղադրանքները:
1978 թ. Աֆղանստանում «սոցիալիստական հեղափոխություն» տեղի ունեցավ, ինչի արդյունքում իշխանության եկան ԽՍՀՄ-ին աջակցող ուժեր, որոնք զանգվածային աշխարհիկացման գործընթաց սկսեցին, և դա դժգոհություններ և դիմադրություն առաջացրեց աֆղանական հասարակության շրջանում: Ցանկացած բողոք, սակայն, դաժանորեն ճնշվում էր, ինչն էլ հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, որը շարունակվում է մինչ օրս, փոխանցում է lenta.ru-ն:
‘