‘Ա. Բանուչյան. Ոչ թե սփյուռքն է մագնիսի պես ձգում, այլ իշխանությունն է վանում ժողովրդին’

2662

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արշակ Բանուչյանը

Պարոն Բանուչյան, Քառյակը առաջարկել է արտագաղթի թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպել: Ձեր կարծիքով՝ այդ լսումները որքանո՞վ են անհրաժեշտ, ի՞նչ վիճակ է այսօր արտագաղթի առումով:  

-Արտագաղթը դադարեցնելու համար հրատապ միջոցառումներ են պետք։ Սա ակնհայտ է, սա բոլորին է հայտնի։ Վերջին տարիներին  արտագաղթը կանխելու,  միգրացիոն քաղաքականությունը կարգավորելու միջոցառումների  մասին խոսել են անգամ կառավարության մակարդակով, բյուջեով նախատեսված ծրագիր են հաստատել, ամեն տարի ժողովրդագրական իրավիճակի ազգային ծրագիր են  վերահաստատում: Որևէ արդյունքի չեն հասել: Ամեն ինչ, իրենց իսկ նախատեսած միջոցառումներից՝ մնացել է թղթի վրա: Իշխանությունները չունեն քաղաքական կամք և տարրական պատասխանատվության զգացում մեր ժողովրդի ճակատագրի ու երկրի քաղաքացիների հանդեպ: Որևէ լուրջ արդյունք սպասելն անիմաստ է: Արտագաղթով զբաղվող փորձագետների ավելի քան մռայլ կանխատեսումներն ու վերլուծությունները պարզապես ահազանգում են ու պարտադրում օր առաջ  արտագաղթը կանխարգելելու միջոցառումներ իրականացնել: Նույն ահազանգը հնչել է նաև տարբեր հեղինակների, ընդդիմության կողմից: Այն պայմաններում, երբ հասարակությունը՝ իր բոլոր շերտերով, տեղյակ է ու անհանգստացած արտագաղթի ծավալներից, իսկ իշխանությունը չքմեղանում ու հանցավոր անտարբերություն է դրսևորում, արտագաղթը համարում քաղաքական շահարկումների առարկա, արտագաղթի թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելն ուղղակի հրատապ անհրաժեշտություն է: Կոնգրեսը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահել արտագաղթի խնդիրը: Մենք բավականին խորը հետազոտություն ենք իրականացրել և պատրատ ենք արդյունքները ներկայացնել խորհրդարանում կազմակերպվելիք լսումների ժամանակ: Եթե նման լսումներ, այնուամենայնիվ, չլինեն, մենք կարող ենք կազմակերպել հանրային քննարկումներ՝ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, լրագրողների ու խնդրով զբաղվող մասնագետների հետ:

Արտագաղթի ծավալների մասին շատ է խոսվում, իսկ Ձեր կարծիքով՝ որո՞նք են արտագաղթի պատճառները:

-Բնակչության տեղաշարժի կամ, ինչպես ասում են՝ միգրացիայի պատճառները տարբեր կարող են լինել։ Մարդու ազատ տեղաշարժի իրավունքը հիմնարար ազատություններից է: Բայց  խոսքը միգրացիայի մասին չէ, այլ մարդկանց զանգվածաբար, պարտադրված արտագաղթի։ Հիմնական պատճառն, անշուշտ, քաղաքական է։ Անարդարությունները, սեփականության իրավունքի, քաղաքացիների ազատությունների ու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերը,  ազգային ռեսուրսների գերկենտրոնացվածությունը, մոնոպոլիաները, կաշառակերությունը, հարկային ու վարչական զեղծարարությունները: Սրանք են պատճառները: Իշխանությունը բռնազավթած ավազակախումբը ուղղակի ներսից քայքայում է երկիրը, փոշիացնում բոլոր ռեսուրսներ։ Իսկ ամենարժեքավորը և կարևորը մարդկային ռեսուրսն է։ Չկա բնակչություն՝ չկա երկիր, չկա պետություն: Չկա այդ երկրի զարգացման ու հարատևման համար պայքարող ժողովուրդ: Հիշեք նախկին վարչապետի խոսքերը արտագաղթողների մասին՝ «մնան, որ հեղափոխությո՞ւն անեն»: Բարեբախտաբար՝ մեր ժողովուրդը արժանի կամք, գիտակցություն և տոկունություն ունի՝ այս արհավիրքը ևս հաղթահարելու և երկիրը նորմալ զարգացման հուն տեղափոխելու համար:

Սերժ Սարգսյանը արտագաղթի պատճառների մասին 2013թ. խոսելիս ասել էր՝ դա լրագրողների, լրատվամիջոցների տարածած գաղջ մթնոլորտի հետեւանք է: Իսկ այս տարի նա մատնանշել էր 2 պատճառ՝ սփյուռքի առկայությունը, որ մագնիսի նման ձգում է, եւ Ղարաբաղի չավարտված պատերազմը: Եվ ընդհանրապես, իշխանությունները շատ են խոսում այն մասին, որ արտագաղթ, միգրացիա կա բոլոր երկրներում: Ս.Սարգսյանը նաեւ ասել էր, թե արտագաղթը բնորոշ է բոլոր հետխորհրդային երկրներին: Որքանո՞վ եք հիմնավոր համարում այդ տեսակետները:

-Ո՛չ պատերազմը և ո՛չ էլ  սփյուռքը ներկա արտագաղթի հիմնական պատճառ չեն կարող լինել: Եթե նույնիսկ խոսեինք սովորական միգրացիայի մասին, դրանք ամենակարևոր պատճառները չէին կարող լինել: Իսրայել պետության ստեղծման, հռչակման հենց սկզբնական տարիներին՝ 1948-1949 թվականներին, բնակչությունը 800 000-ին էր մոտ: Իսկ այսօր Իսրայելի բնակչությունը անցել է ութ միլիոնի սահմանը: Չնայած՝ իր ստեղծման օրից Իսրայելը մշտապես եղել է պատերազմական իրավիճակում, իսկ հրեական սփյուռքը հայկականից պակաս չէ: Ճիշտն ասած՝ Ձեր մեջբերումները արժանի չեն անգամ մեկնաբանության: Բայց կուզեի ասել, որ ոչ թե սփյուռքն է մագնիսի պես ձգում, այլ ժողովրդին թիկունք դարձրած իշխանությունը մագնիսի պես վանում է ժողովրդին:

Եվ վերջապես, ի՞նչ է պետք  արտագաղթը կանխելու համար:

-Օր առաջ պետք է ձևավորել օրինակարգ իշխանություն և վերականգնել Սահմանադրական կարգերը: Երկիրը վերադարձնել իր զարգացման բնականոն հուն, որտեղ ժողովուրդը օտարված չի լինի պետությունից: Իսկ դրա համար պետք է քաղաքական կամք, համաժողովրդական ընդվզում՝ ներկա հանցավոր, ավազակապետական իշխանությունից ու կառավարման համակարգից ազատվելու համար:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Ո՞ւմից է դժգոհ Սարգսյանը. ինքն է ՆԱՏՕ-ին կանչել «ԼՂ խնդիր». Ապացույց’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջելու է առավելագույն պատժամիջոցներ՝ Ռուսաստանի ֆուտբոլային միության հանդեպ’