‘
N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին այսօր հայտնել է Ա.Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
2013թ. հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած արյունահեղության գործով Ա.Բուդաղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել), նրա նկատմամբ ընտրվել է չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Լիսկա Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Լիսկայի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։ Գործի շրջանակներում Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ և 235-րդ հոդվածնիերի 1-ին մասերով, համապատասխանաբար՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։
‘