‘
ԱԺ հայտարարությունների ժամին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ընթերցեց արտահերթ կարգով ԱԺ 45 պատգամավորների ստորագրություններով օրակարգ մտած՝ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության տեքստը:
Նա նշեց, որ հարցը կամայականորեն չդրվեց քննարկման, եւ այսօր էլ քաղաքական մեծամասնությունը արհեստականորեն ձգձգում է տարբեր օրենքների քննարկումները՝ ընդդիմության նախաձեռնած հարցի քննարկումից խուսափելու համար:
Հայտարարություն
Կոռուպցիան և մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության և կառավարման համակարգի ամենամեծ չարիքը: Դա հաստատվում է հայաստանյան և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, Թրանսփարենսի Ինթերնեշնլի, Գալլափ Ինթերնեշնլի, Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի, Փոլիսի ֆորում Արմենիա ամերիկյան վերլուծական կենտրոնի գնահատականներով: Հակակոռուպցիոն և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մի շարք առանցքային ցուցանիշներով Հայաստանը անթույլատրելի ցածր նիշեր է զբաղեցնում, իսկ կոռուպցիոն բուրգի պատճառած վնասը կազմում է տարեկան ավելի քան 2.5 մլրդ.ԱՄՆ դոլարին համարժեք գումար, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան երկրի պետական բյուջեն է:
Երկրում չի հաղթահարվում աղքատությունն ու գործազրկությունը: Պաշտոնական տվյալներով՝ վերջին հինգ տարիներին այն տատանվում է 32 — 35%-ի սահմաններում՝ միևնույն ժամանակ չցուցաբերելով նվազման որևէ միտում:
Ամբողջությամբ վերացել է քաղաքացիների, քաղաքական ուժերի և ողջ հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ, ինչի հետևանքով կասկածի տակ են դրված բոլոր մակարդակի ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, և, հետևաբար, ստեղծվել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ:
Այս ամենի արդյունքում թափ է առել և սպառնալի չափերի է հասել երկրից քաղաքացիների արտագաղթը` վերջին չորս տարիներին կազմելով շուրջ 213 000 մարդ:
Այսպես կոչված՝ նախաձեռնողական քաղաքականության ձախողումների արդյունքում տուժել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը: Սաստկանում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը, որի հետևանքով միջազգային կազմակերպություններում ընդունվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դիրքերը թուլացնող անբարենպաստ որոշումներ:
Հայաստանի կառավարությունն անկարող եղավ իրականացնելու խորհրդարանական չորս ուժերի առաջարկած` 12 կետերից բաղկացած առաջնահերթ միջոցառումները՝ դրանով ցույց տալով, որ պատրաստ չէ ընդառաջ գնալ հանրությանը և բավարարել անգամ ժողովրդի նվազագույն պահանջները:
Այսպիսով, երկրում առաջացել է կառավարման համակողմանի ճգնաժամ, և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը անհրաժեշտ է համարում այն հաղթահարելուն ուղղված հրատապ քայլերի իրականացումը:
‘