‘Ա.Մանուկյան. Գազի սակագինը հնարավոր է էականորեն նվազեցնել. Տեսանյութ’

1523

Ազգային Ժողովում «Գազային հանձնաժողովի» աշխատանքների արդյունքում կազմված եզրակացության քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ներկայացրեց այն տվյալները, համաձայն որի, հնարավոր է էականորեն նվազեցնել գազի սակագինը: Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել է միայն այս տվյալները հավաքելու նպատակով:

Արամ Մանուկյանի ելույթը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորեւ. 

Գազի մուտքայն գինը 189 դոլար է, որը քննարկման առարկա չի եղել հանձնաժողովում: Տեղափոխման եւ բաշխման ցանցերից, «Գազպրոմի» ծախսերը հաշվարկելուց հետո սպառողների վրա վաճառվող գազի միջին գինը կազմել է 311 դոլար: Այս թիվը հիշեք, որովհետեւ սա բազային թիվ է, սրանից ճյուղավորվում են մնացած թվերը: 311-ի մեջ 73 տոկոսը կազմում է գազի գինը սահմանի վրա: Մնացած 122 դոլարը, «մարժան», բաշխվում է հետեւյանլ համամասնությամբ. 5% -ը նախատեսված է կորուստների համար, որը կազմում է 15 դոլար, 11%-ը՝ շահագործման եւ պահպանման ծախսերն են ($34), 4 տոկոսը՝ մաշվածության հատուցումն է՝ 12 դոլար, 7 տոկոսը շահույթն է, որը կազմում է 23 դոլար՝ յուրաքանչյուր 100 խմ գազի դիմաց: Միջին 311 դոլարը ճյուղավորվում է երկու խմբերի. Մինչեւ 10000 խմ սպառողները սպառում են 36 տոկոսը՝ շուրջ 600 հազար բաժանորդ, նրանք մուծում են 394 դոլարով՝ միջին գնից 83 դոլարով ավել: 10000 խմ-ից ավել օգտագործողները սպառում են 64%-ը, մոտավորապես 10 հազար աբոնենտ, նրանք վճարում են $277-ով: Հիմա՝ ես վերցրել եմ միայն այն հիմնական գործոնները, որտեղից կարելի է գազի սակագնի իջեցում ապահովել:

1. Կորուստների չափը. Կորուստների որոշվում է օրենքով՝ գները կարգավորող հանձնաժողովի 2002-ին ընդունած որոշումների մեթոդաբանությամբ: Այս մեթոդաբանությունները կազմված են խորհրդային ժամանակների չափանիշների վրա եւ գործնականում կիրառելի չեն: Մասնավորապես, որոշ տերմիններ իրենց իմաստով չեն համապատասխանում իրենց բնույթին: Օրինակ, կան այսպիսի արտահայտություններ՝ «անխուսափելի կորուստներ», «բնական անխուսափելի կորուստներ», «փաստացի բնական կորուստներ», «իրական փաստացի կորուստներ», «վթարային փաստացի կորուստներ» եւ այլ անհեթեթ արտահայտություններ: Սա խճճում է ամբողջ կորուստների համակարգը: Չնայած այս թերի մեթոդիկայի առկայությանը, սրանք գործնականում չեն կիրառվել, բայց տարօրինակորեն չեն հանվել նաեւ շրջանառությունից: Այսինքն՝ երբ ոնց պետք է, ըստ հարմարության: Կորուստների գնահատման հարցերում անհասկանալի նախաձեռնությամբ է հանդես եկել էներգետիկայի նախարարը: 2003 եւ 2007 թվականներին, շրջանցելով «էներգետիկայի մասին» օրենքը,  նա հաստատել է կորուստների հաշվարկման իր սկզբունքները, համաձայն որոնց, կորուստների չափը կախվածության մեջ է դրվել մուտք գործած գազի քանակից: Սա հակագիտական, եթե չասեմ՝ անգրագետ մոտեցում է: Մեզ մոտ գազի կորուստները հաշվվում են տոկոսներով, մինչդեռ բոլոր մեթոդիկաներում հաշվվում են խորանարդ մետրերով: Այսինքն, որքան շատ գազ մտնի, կորուստը պետք է այդքան շատ լինի: Անկախ ամեն ինչից, սա պաշտպանված, երաշխավորված կորուստնի հնարավորություն է ստեղծում, եւ շահագրգռվածություն չկա՝ կորուստները քչացնելու եւ չի էլ քչանում՝ չնայած միլիարդավոր ներդրումների: Նույն հրամաններում նախարարությունը ՀԾԿՀ-ին հրահանգել է որպես կորուստ վերցնել կոնկրետ թիվը՝ 5,37 տոկոս: Համեմատելու համար՝ Ուկրաինայում կորուստների թիվը  2,8-ից 3 է: Ընդ որում, Ուկրաինայում այս թվերը պետք է ավելի բարձր լինեին, որովհետեւ նրանք ունեն ճնշումային կայաններ: Փոխադրման համակարգում Ուկրաինայի եւ Վրաստանի կորուստները կազմում են 0,8 տոկոս, եւ գնալով այդ թվերը նվազում են ներդրումների հաշվին: Այն  դեպքում, երբ մեզ մոտ փոխադրման կորուստները մնում են 3,15%-ի վրա եւ չեն նվազում:

Փաստացի կորուստները Հայաստանում 7-8 տոկոս են, եւ կրկին չեն նվազում: Չեն նվազել նույնիսկ այն դեպքում, երբ 2010-12 թվականներին 70 մլրդ դրամ կապիտալ ներդրում է կատարվել համակարգում: 2014 թվականի ռեկորդը՝ կրուստներ կազմել են 158 մլն խորանարդ մետր՝ շուրջ 7 տոկոս: Ընդ որում, այստեղ հաճախ «ժուլիկություն»  է կատարվել: Որպեսզի կորուստների թիվը քիչ երեւա, հաշվվել է նաեւ Իրանից եկող 400 մլն խմ գազը:

Վերը նշված հրամաններում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստները ներառվել են գազի համակարգում գոյություն չունեցող «փաստացի բնական կորուստներ» արտահայտության տակ: Դրանով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից կատարվում է նվազեցում՝ ըստ այդմ ստեղծելով շահութահարկից խուսափելու օրինական հնարավորություն: Կորուստների հաշվին 2012-ին չի մուծվել 12,5 միլիարդ դրամ հարկ: Այս չարաբաստիկ հրամանը ստորագրել է Արմեն Մովսիսյանը 2007-ին: Քանի որ կորուստներն ամբողջությանբ հատուցվում են սակագնով, մատակարարող կողմն ամենեւին շահագրգռված չի եղել կորուստների նվազեցման մեջ: Ավելին, մատակարարողը շահագրգռված է եղել կորուստները մեծ լինելու մեջ: Մեր տարեկան կորուստները կազմում են տարեկան միջինը 120-150 մլն խմ: Այսինքն, եթե մեզ պետք է տարեկան 1,7 մլրդ խմ գազ օգտագործել, ապա մենք փաստացի վճարում ենք 1,85 մլրդ խմ-ի համար:

Ամփոփելով կորուստների թեման, նշեմ, որ առանց չափազանցության գազի կորուստները 50%-ով կարելի  է նվազեցնել, եւ գազի սակագինն այդ դեպքում կնվազի 10 դոլարով:

2. Հաջորդ գործոնը՝ շահագործման եւ պահպանման ծախսեր, ինչը գնագոյացման գլխավոր գործոններից է:

2011-ին  կարգավորող հանձնաժողովին ներկայացված գազի գնի հայտում շահագործման եւ պահպանման ծախսերի համար ներկայացվել է 20 մլրդ դրամ, մինչդեռ առաջարկը եղել է 30 մլրդ դրամ: Համեմատելու համար ասենք, որ նախորդ տարի եղել է 10 մլրդ դրամ: Այսինքն, եթե այդ հայտն ընդունվել պետք է 300% աճ գրանցվեր՝ մեկ տարվա մեջ: Օրինակ, շահույթը հաստատվել է 14 մլրդ դրամ: Իսկ եթե իրենց հայտը հաստատվեր, 50 տոկոսով ավելի էր լինելու եւ կազմելու էր 21 մլրդ դրամ: Ախորժակի խնդիր է: Եվ ո՞վ է մուծելու այս ամենը՝ պարզ է՝ քաղաքացին:  Շահույթի, շահագործման ծախսերի, մաշվածության ինչպես նաեւ սակագնի կարգավորումը սահմանվում է 2004-ին ընդունված որոշմամբ, համաձայն որի, շահագործման ծախսերի անվերահսկելի աճը կանխելու համար նախատեսվում է, որ գազի սակագնի միջոցով հատուցվում է միայն այն ծախսերը, որոնք անմիջապես կապված են լիազորված գործունեության հետ: Նպատակաուղղված կամ չնպատակաուղղված ծախսերը տարբերակելու եւ որոշելու համար հանձնաժողովը պետք է հաստատեր կանոններ, որը չի արել: Պետք է դասակարգվեին բոլոր ծախսերը, ինչը չի արվել, եւ արդյունքում, ուսումնասիրելով ծախսերը եւ ձեռք բերված հիմնական միջոցները, տեսնում ենք, որ ծախսերի ցուցակում տեղ են գտել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են հեծանիվներ, ջահեր, նկարներ, մեքենաներ, դեկորատիվ բույսեր, մահճակալներ եւ այլն: Հանձնաժողովը պետք է հստակ կանոնակարգեր այս ամենը, բայց իր գործառույթները չի իրականացրել: Արդյունքում՝ «Գազպրոմն» արել է՝ ինչ ուզել է, եւ լավ է արել, որովհետեւ արգելակող չի եղել:

Ախորժակի դրսեւորման մեկ ուրիշ օրինակ. Կառավարության 2014-ի ապրիլի 25-ի գրության համաձայն, 2009-13 թվականներին գյուղական համայնքներում իրականացված գազաֆիկացման աշխատանքների համար ծախսվել է 7,5 մլրդ դրամ:  Դրանցից միայն գյուղական համայնքները գազաֆիկացնելու համար ծախսվել է 135 մլն դրամ՝ 1,7 տոկոսը: Մյուսը՝ «Հայռուսգազարդը» 2010-12-ին կատարել է 70 մլրդ դրամի ներդրում այս բնագավառում, որից միայն 5 մլն դրամն է հատկացվել համայնքների գազաֆիկացման վրա՝ 0,007%: Ախորժակի այլ դրսեւորում. 2010 թվականին օգտակար եւ օգտագործվող հիմնական միջոցների մասը կազմել է 81 մլրդ դրամ: 2013-ին այն աճել է 73 մլրդով եւ կազմել է 154 մլրդ դրամ: Ակնհայտ է, որ սա ներառվել է սակագնի մեջ: Ահա թե ինչու է անընդհանտ ուռճացված ու բարձր մեր սակագինը: 

Նախորդ հոդվածը‘Կայսր. Ճապոնիան պետք է հարգի Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Անթույլատրելի է անգամ միտքը, որ ԼՂ հակամարտությունը կարող է թեւակոխել թեժ փուլ ‘