‘Ա.Մանուկյան. Գործարարության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական օրենքները անցած տարիներին 400 անգամ փոփոխությունների են ենթարկվել’

1091

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդամ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը մոնիտորինգ է անցկացրել ու պարզել, որ գործարարության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական օրենքները Տիգրան Սարգսյանի կառավարությունն անցած հինգ տարիներին 400 փոփոխությունների է ենթարկել: Մանուկյանի խոսքերով` «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով կառավարությունը ԱԺ է դիմել 12 անգամ, «Հաստատագրված վճարի մասին» օրենքի փոփոխություններով՝ 12, «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններով՝ 23, «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություներով՝ 28, «Ստուգումների մասին» օրենքում փոփոխություններով՝ 15, «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններով՝ 25 անգամ եւ այլն: «Ռեկորդը պատկանում է «Պետական տուրքերի մասին» օրենքին, որի փոփոխության համար կառավարությունը 55 անգամ օրենքի փոփոխություն է առաջարկել հինգ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, Տիգրան Սարգսյանի կառավարությունը 5 տարվա ընթացքում Աժ-ում փոփոխությունների փաթեթ է բերել 170 անգամ: Օրենքները հաջող են այնքանով, որքանով քիչ են ենթարկվում փոփոխությունների»,- ասաց նա: 

Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասաց, որ համամիտ է Մանուկյանի դիտարկումների հետ, ըստ նրա` ընդհանուր առմամբ հաճախակի փոփոխությունները լավ չեն, և քննադատությունը տեղին է, քանի որ տնտեսվարող սուբյետի համար միջավայրի արագ փոփոխությունները ստեղծում են անհարմարություն և անկանխատեսելի դարձնում միջավայրը: Միայն թե, ըստ Տիգրան Սարգսյանի, օրենսդրական այդ փոփոխությունները շատ բնորոշ են անցումային երկրներին: Արամ Մանուկյանն ընդգծեց, որ այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ բիզնես ստեղծելու ռազմավարություն չկա:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքացիական vs քաղաքական’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանի որոշումը վաղը՝ մինչեւ 16:00-ն’