‘
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին և վերջիններիս ուղեկցող ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին:
ILur.am-ին hանդիպման լրացուցիչ մանրամասեր հաղորդեց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մարտի 1-ի զոհերի ծնողները դժգոհություն հայտնեցին՝ Եվրադատարանում Մարտի 1-ին վերաբերող գործերի անորոշ կարգավիճակի կապակցությամբ»,- ասաց Մանուկյանը: Նա հայտնեց նաեւ, որ ծնողները ցանկություն են հայտնել, որպեսզի ՄԻՊ-ը հնարավորություն ստեղծի հանդիպել միջազգային կառույցների այն ներկայացուցիչների հետ, որոնք քննում են Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը եւ մարտի մեկի դեպքերը:
Արամ Մանուկյանի հետ զրույցում տեղեկացանք նաեւ, որ ՄԻՊ-ին առաջարկ է արվել դիտարկումներ ունենալ Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու օրինագծում, որը մոտ ապագայում Հայ ազգային կոնգրես խմբակցությունը կներկայացնի ԱԺ: Իր հերթին, Կարեն Անդրեասյանը խոստացել է տարեվերջին իր զեկույցում կրկին անգամ մանրամասն անդրադառնալ Մարտի 1-ի դեպքերի քննությանը:
‘