‘Ա.Մանուկյան. Քանի՞ գլուխ ունի նախարարը, որ մոնոպոլիաների դեմ դուրս գա (տեսանյութ)’

1818

Այսօր ԱԺ նիստում շարունակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թվականի տարեկան գործունեության ծրագրի քննարկումը: Քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ արդեն երկրորդ թղթապանակն է պատրաստում, որը արդեն ջրի հետ է կապված, հետո կլինի լեզվի հետ կապված խնդիրների շարք, հետո արտաագաղթի: «Ես միշտ կռիվ եմ տալու, պայքարելու եմ բոլոր այն երևույթների, այն կառույցների դեմ, ովքեր իմ երկրի անկախության նկատմամբ ոտնձգություն են անելու, ոտնահարելու են մեր անկախությունը ու պետականությունը. անկախ անձից, կառույցից ու ժամանակներից: Այդ առումով ես օպոզիցիա չեմ, ես իշխանություն եմ: Խնդրում եմ, այսուհետ այս դահլիճում անուն հայրանունով -ռուսական տարբերակով չդիմենք, ոչ թե Ռոբերտ Նիկոլաևիչ, այլ պարոն Նազարյան, շատ սիրուն է հնչում, խնդրում եմ՝ եկեք այստեղ մեր լեզուն պահպանենք: Ոչ թե «նախագան», այլ՝ «նախագահը», ոչ թե «վերաբերվում է», այլ՝ «վերաբերում է», ոչ թե «գույքերը», ինչպես կառավարությունն է ասում, այլ՝ «գույքը». գույքն արդեն հոգնակի է, ոչ թե «հրավերքներ», այլ՝ «հրավերք»: Սա էլ է անկախության արժեք, մանավանդ, որ ՄՄ դեռ չենք մտել:

Հիմա՝ ջրի հետ կապված: Ամեն մի գործարք՝ վերջին 7-8 ամսվա ընթացքում, ծածկում է նախորդի աղմուկը: Այս ընթացքում այնքան ցցուն, բոլորի շահերին կպնող գործընթացներ են եղել՝ և՛ սեպտեմբերի 3-ը, և՛ գազը, և՛ ջուրը, և՛ թոշակները, և՛ տրանսպորտը, որ ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը: Հիմա եկել է «Որոտանը», և իմ աչքին ավելի քիչ է երևում գազը: Փորձեմ հիմնավորել ՝ինչու: Նոյեմբերի 21-ին Կառավարությունը որոշում է կայացրել՝ կարդում եմ. ««Որոտան» ՓԲԸ հաշվեկշռվում ներդրվող վերականգնված գույքի» մասին, այսինքն՝ նոյեմբերին այս ամբողջ գույքը, որ հիմա կկարդամ, արդեն տվել են՝ իմանալով, որ գործարքը լինելու է:

Գույքի անվանումը՝ «Սպանդարյան» ջրամբար, «Անգեղակոթի» ջրամբար, «Տոլոսի» ջրամբար, «Շշամբի» ջրամբար: 4 ստրատեգիական ջրամբարներ՝ հատուկ պահպանման ռեժիմի տակ գտնվող օբյեկտներ, որպես գույք հանձնվել են ՀԷԿ-ի համալիրին, որպեսզի խութերից, դժվարություններից, որ չգան այստեղ, ծրագիր, սեփականաշնորհման ցուցակ չբերեն, հեշտ դարձնեն գույք ու տան Որոտանին: Գույք անունի տակ կարող են ցանկացած բան դնել ու վաճառել: Եւ այստեղ համարձակություն ունեն «շկաֆ» բառը օգտագործել, թե՝ի՞նչ է եղել որ, ՓԲԸ-ն կարող է իր շկաֆը վաճառել: Այս փոքր Հայաստանի համար 4 ստրատեգիական օբյեկտների մասին է խոսքը, և այնպես են արել, որ ԱԺ-ն գործ չունենա սրա հետ. «Որոտանը» իր գույքը վաճառել է, և չեն էլ հասցնում ներդաշնակեցնել իրենց ասելիքը: 

Հրայր Թովմասյան. «Կառավարությունը ոչինչ չի վաճառել, վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն, որի իրավունքն ինքն ուներ»: Նույն օրը Արմեն Մովսիսյանը ասում է. ««Որոտան» կասկադը արդեն 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար 40-ը սահմանային տարիք է, և պետք են լուրջ ներդրումներ, և սա է եղել պատճառը, որ կառավարությունը որոշել է վաճառել «Որոտանը»»:  Հակասեցի՞ն: Իրար հետ պայմանավորվեք՝ ինչ եք ասելու, որ չգաք մեկդ ասեք՝ կառավարությունն է վաճառել, մեկդ՝ «Որոտանը»: Ընդ որում, սա ՀՀ սեփականությունն է: Կարդում եմ ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթուղթը՝ 1997 թվականի, բոլոր բաժնեմասերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Վերջ: Ի՞նչ է նշանակում բոլոր բաժնեմասերը մի հիմնարկի է պատկանում, ամբողջ գույքը ուրիշի է պատկանում, այն վաճառել է, և առաջին հիմնարկը մնում է առանց գույքի: Դուք պատկերացնո՞ւմ եք մի հիմնարկություն, որը չունի գույք ու ունի բաժնետոմսեր, բաժնետոմսերը առանց ամրագրման, առանց գույքի կարո՞ղ են գոյություն ունենալ: Ասե՛ք, մեկդ ասեք՝ հա՛, և ես ներողություն կխնդրեմ: 40 տարվա հնությունը արգումենտ են բերում, «Ձորագետը» 28 թվականին է կառուցվել, մեր, պատկերավոր ասած, «ամենակուկլա» ՀԷԿ-ն է: Այդ դեպք առաջարկում եմ՝ կառավարությանը՝ կարո՞ղ ենք վաճառել՝ մեջի եղածը: Գնորդ չի լինի՞: Էժան կտանք: Կամ Արմեն Մովսիսյանը ամենահին նախարարն է՝ 2001-ից, ուրեմն, հնությունը չափանի՞շ է օտարելու համար: Այս տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունին կա:

Եթե ուրիշ բան կա, թող գան ասեն՝ ուրիշ բան կա. խոսակցություններ են գնում, որ ուրիշ բան կա, թող խմբակցությունների ղեկավարներին հավաքեն ասեն՝ էսպիսի խնդիրներ կան: Բայց  իրենք չեն գալիս էս հիմնարկի հետ խոսելու, երեկվա երկու նախարարների մեծ-մեծ խոսելը ձե՛ր թույլտվությունն է, հանրապետականներ, այդ ո՜նց էին իրենց պահում նախարարները: Պահում են այդպես, որովհետև գիտեն, որ ոչ մեկը քթներին չի խփելու, ամենևին չեն զգում, որ այստեղ առաջնային մանդատի մարմինն է, ԱԺ-ն: Մեր վերաբերմունքը իրենց պետք է լինի համապատասխան:

Իսկ ձեր հանձնաժողովի հետ կապված՝ ոչ մի ավել բան չեմ կարող պահանջել, ինչպես մյուս հիմնարկներից, այս երկրում մեր կառույցները ոչինչ անել չեն կարող վերևից եկող քաղաքականության դեմ, մոնոպոլիաների քաղաքականության դեմ Շաբոյանը ոչինչ չի կարող անել, Նազարյանը ոչինչ չի կարող անել գների՝ վերևից եկող քաղաքականության դեմ, հանկարծ չշփոթեք, թե ժողովրդավարական երկիր եք, որտեղ յուրաքանչյուր կառույց կարող է պնդել իր կարծիքը և անպատիժ մնալ, կամ մնալ իրենց աշխատանքին: Մեր երկիրն ուրիշ պրոբլեմ ունի, մի փորձեք լուծել էս խողովակի, անիվի հարցը, կա մի խնդիր՝ մեքենան ամբողջությամբ փչացած է՝ իր վարորդով,  էն վարորդը խելոք նստած է իր համար, ոնց որ Կորեայից նոր չի եկել, ձեզ գցում են այստեղ, հարվածներ եք ուտում, իսկ քաղաքականությունը ուրիշ տեղ է մշակվում: Կարո՞ղ է նախարարը մոնոպոլիայի դեմ դուրս գալ, Շաբոյանը՝ դուրս գալ, դա կստացվի դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ: Քանի՞ գլուխ ունի: Մեր հիվանդությունը ուրիշ տեղ է:

Նախորդ հոդվածը‘Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’