‘Ա. Սաքունց. Զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը նոր է իմանում, թե ինչ է կատարվում’

990

Ինձ համար զարմանալի ու ցավալի է, որ Սերժ Սարգսյանը նոր է իմանում, թե ինչ է կատարվում քրեական դատավարության բնագավառում, որովհետև մենք դրա մասին խոսում ենք տարիներ շարունակ, iLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով երեկ դատախազությունում Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին՝ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Ինքը քանի որ ժամանակին աշխատել է ներքին գործերի նախարար, եղել է ազգային անվտանգության ծառայության պետ, վարչապետ, ուրեմն կամ այն ժամանակ չի տիրապետել իրավիճակին, կամ նոր է սկսել տիրապետել, կամ էլ տիրապետել է՝ չի խոսել, ու հիմա է որոշել խոսել»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի ասածները տեղավորվում են առաջիկա նախագահական ընտրությունների տրամաբանության մեջ:

Սաքունցի համոզմամբ՝ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե օրենսգիրքն ու իրավական նորմերն են աշխատում, այլ աշխատում է մեկ անձի կարգը:

«Այսինքն, եթե նա ասի՝ աշխատեք, կաշխատեն, կասի՝ մի աշխատեք, չեն աշխատի: Ինքը խոսում է դատախազության աշխատողների անգործության մասին կամ էլ գտնում է, որ ծավալներն այնքան են մեծացել, որ դա անթույլատրելի է: Այդ դեպքում իր քայլերը անհամարժեք են իրավիճակին, քանի որ իմացել է այդ մասին ու պատշաճ հարցադրումներ չի կատարել: Ուրեմն՝ ինքն էլ է պատասխանատվություն կրում իրավիճակի համար, որի մասին ինքը խոսում էր: Սարգսյանը նոր բան չի ասում»,- եզրափակեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ, մասնավորապես, նշել է դատախազների անփութության, ինչպես նաև նախաքննական պրակտիկայում բացթողումների մասին:

Նախորդ հոդվածը‘Մ. Մելքումյան. Մաքսային մարմինների տվյալներն ավելի հավաստի են’
Հաջորդ հոդվածը‘Հարավկորեացի Պան Գի Մունը հանուն խաղաղության պատրաստ է այցելել «թշնամի» Հյուսիսային Կորեա ‘