‘Ա. Սեմիրջյան. ՀՀ իշխանությունների վախվորած պահվածքը նպաստում է, որ Ադրբեջանն իրեն սանձարձակ պահի’

1405

Ադրբեջանին լայնամասշտաբ պատերազմը ձեռնտու չէ որովհետեւ Բաքուն իր նպատակներին հասնում է առանց դրա էլ, կարծում է գրող հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը:

Նրա խոսքով, պարբերաբար սահմանին միջադեպեր հրահրելով՝ Բաքուն մի խնդիր է լուծում՝ աստիճանաբար մաշեցնել հայկական պետականությունը:

«Հայկական կողմը շաբաթական երկու-երեք զոհ է տալիս, եւ, որքան էլ որ ասեն, որ համարժեք պատասխան է տրվում, դա իրականում համարժեք լինել չի կարող ՝ հաշվի առնելով մեր երկրի արտագաղթը եւ մեր երկրների բնակչության քանակական տարբերությունը», — iԼur.am-ի հետ զրույցում ասաց Սեմիրջյանը:

Նրա խոսքով, թեեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, բայց պատերազմն ընթանում է:

«Հարցն այն է, թե ինչպես ենք ձեւակերպում պատերազմը: Եթե հրադադարի ռեժիմը փաստորեն չի պահվում, լայնամասշտաբ ռազմական գործողություններ էլ չկան, արդյո՞ք սա պատերազմ չէ: Ձեւակերպումների հարցն է: Իրականում, իմ կարծիքով, սա իսկական պատերազմ է: Ադրբեջանն այնպես է անում, որ Հայաստանում բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին լինի, որ մարդիկ լքեն երկիրը, չուզենան, որ իրենց երեխաները ծառայեն բանակում: Հայաստանի բնակչությունը պակասում է, մարդիկ վախենում են իրենց զավակներին երկրում թողեն», — նշեց մեր զրուցակիցը:

Սեմիրջյանի խոսքով, Հայաստան այս իրավիճակից պետք է փորձի ելք գտնել արտաքին քաղաքականության միջոցով, մնացածն ինքնախաբեություն է: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դիվերսիոն գործողություններ պարբերաբար տեղի են ունենում ոչ միայն բուն ԼՂ հակամարտության գոտում, այլ ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանին:

«Սա արտաքին քաղաքական խնդիր է: Մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները ՀԱՊԿ-ի առաջ պետք է դնեն այդ հարցը՝ մենք պայմանագիր ենք կնքել, որը պետք է կատարվի: Ուղղակի, մեր իշխանությունների վախվորած պահվածքը նաեւ նպաստում է, որ Ադրբեջանն իրեն այսպես սանձարձակ պահի: Հայաստանի իշխանությունները վախենում են որեւէ հարց բարձրացնել ինչպես Գյումրիի դեպքում տեսանք, այնպես էլ այս դեպքում, վախենում են ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի առջեւ հարց բարձրացնել, ասել, որ ոչ միայն պետք է օգտվել տրածաշրջանում ձեր դիրքերից, այլեւ պարտավոր եք այս հարցերում մեզ պաշտպանել, անքանով, որքանով դա ամրագրված է պայմանագրերում, ավելին պետք չէ»,- նշեց Սեմիրջյանը:

Մինչդեռ, նրա խոսքով, Հայաստանի պաշտոնյաների հիմնական խնդիրը սեփական իշխանությունը պահելն է:

«Դեռեւս ուղղաթիռի խոցման դեպքից հետո հայտարարում էին, որ համարժեք պատասխան կտանք: Որոշ ժամանակ անց Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե «համարժեք պատասխան տվել ենք, ուղղակի դուք դրա մասին չեք իմացել»: Պետության համար հիմնական խնդիրը քաղաքացիների հանդեպ ազնիվ լինելն է: Իսկ եթե այդպես չէ, դրանից բխում են հնարավոր բոլոր այլ հետեւանքները»,- եզրափակեց մեր զրուցակիցը: 

Նախորդ հոդվածը‘Ահաբեկիչ Կուլիբալիին գաղտնի հուղարկավորել են Ֆրանսիայում’
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան նոր միապետը խոստացել է շարունակել հանգուցյալ եղբոր քաղաքականությունը’