‘«Ա1+»-ի փակումը, «գոմեշի միսը», սեւազգեստ մայրերն ու Լիսկայի որդին. Գևորգ Կոստանյանի վաստակը ‘

2915

Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու (ոչ ոք չի կասկածում, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածությունը) մասին տեղեկատվության ի հայտ գալուց հետո, սպասածի համաձայն, մերձիշխանական գործիչները հայտարարեցին, որ սա հենց այն թեկնածությունն էր, որին սպասում էր Հայաստանը: Որ Կոստանյանը «նոր մտածողությամբ», «արհեստավարժ», «անկաշառ» գործիչ է: iLur.am-ը կփորձի ներկայացնել 36-ամյա Գեւորգ Կոստանյանի հրապարակային գործունեության առավել աչքի ընկած դրվագներից մի քանիսը:

Դեռեւս իր կարիերայի արշալույսին՝ 2004-ից ի վեր, նա, որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, փորձում էր համոզել եվրադատավորներին, որ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է վարվել՝ եթերից զրկելով «Ա1+» հեռուստաընկերությանը: Իսկ երբ 2008-ին ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ լրատվամիջոցի՝ պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին վերականգնել «Ա1+»-ի իրավունքները, Կոստանյանն արդեն եվրադատարանի անդամներին փորձում էր համոզել, որ իշխանությունները կատարել են վճռի պահանջը՝ թույլ տալով հեռուստաընկերությանը մասնակցել  հեռուստահաճախականությունների մրցույթին:

2011-ի հունվարին, զինդատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանին նշանակելուց կարճ ժամանակ անց, նախագահական նստավայրի ճաղերի հետեւից բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հետ զրուցող Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ կհանձնարարի Կոստանյանին հանդիպել որդեկորույս մայրերի հետ, եւ «նորանշանակ զինդատախազը նոր մոտեցում կցուցաբերի»: Շուրջ երեք տարի անց, սակայն, այդ «նոր մոտեցումը» դեռ իր պտուղները չի տվել: Հակառակը, սեւազգեստ մայրերը պնդում են, որ Կոստանյանի գործուն միջամտությամբ իրանց որդիների սպանության գործերը կոծկվել են:

«Եթե զինդատախազն իրոք պատասխանատվություն կրեր իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած դեպքերի համար, ապա այժմ պետք է լիներ անազատության մեջ: Մենք հայտարարում ենք, որ հենց Գևորգ Կոստանյանի օրոք կոծկվել են հետևյալ սպանության գործերը` Թորգոմ Սարուխանյան՝ 2011թ. փետրվարի 12, Տիգրան Համբարձումյան՝ 2011թ. հունիսի 29,  Զորիկ Մարգարյան՝ 2012թ. ապրիլի 18, Աղասի Աբրահամյան՝ 2011թ. օգոստոսի 27, Ալբերտ Ադիբեկյան՝ 2012թ. փետրվարի 23, Էդվարդ Ալավերդյան՝ 2011թ. հուլիսի 29, Տիգրան Վարյան՝ 2012թ. փետրվարի 29», — ասվում է այս տարվա հուլիսի 4-ին խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերի տարածած հայտարարության մեջ:

Բաղրամյան 26-ից իջեցված մեկ այլ հանձնարարական, որը «փայլուն կերպով» կատարեց Գեւորգ Կոստանյանը, վերաբերում էր ՊՆ զորամասերին թարմ մսի փոխարեն սառեցված գոմեշի միս մատակարարելու գործին:  Անցյալ տարի այս կապակցությամբ Սերժ Սարգսյանի կոշտ հայտարարություններից հետո հարյուր հազարավոր դոլարների պետական միջոցների վատնմանը վերաբերող գործը սառեցվեց, իսկ ՊՆ համակարգի կալանավորված պաշտոնյաներն ազատ արձակվեցին:  

Սակայն Գեւորգ Կոստանյանի գործունեության կուլմինացիան կարելի է համարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ «Լիսկա» Խաչատրյանի տան մոտ այս տարվա հունիսի 1-ին տեղի ունեցած սպանության գործը: Հանրության հիշողության մեջ դեռ թարմ է, թե ինչպես դեպքից մի քանի օր անց արդեն զինդատախազ Կոստանյանը հայտարարեց, որ սպանված Ավետիք Բուդաղյանը եւ նրա եղբայր, ԼՂՀ ՊԲ գնդապետ Արտակ Բուդաղյանը  հարձակում են գործել Լիսկայի տան վրա՝ փաստորեն նախանշելով նախաքննության հետագա գործողությունները: Իսկ այս ամսվա սկզբներին ՊՆ քննչական մարմինը հայտարարեց քրեական գործը կարճելու եւ Սուրիկ Խաչատրյանի՝ սպանության մեջ մեղադրվող որդուն ու թիկնապահին կալանքից ազատելու մասին: Ավելի վաղ, սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, հայտարարեց, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը «Լիսկայից» 4 միլիոն դոլար է վերցրել՝ որպես «պարգեւավճար» իր ծառայությունների դիմաց:   

Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը փորձառու դատավոր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի որդին է: Վերջինիս անունը տարիներ առաջ մամուլում շրջանառվում էր մի տարօրինակ ու խորհրդավոր պատմության առիթով: Դատարանի նախկին դատավորներից Կարեն Ստեփանյանը Կոստանյանի աշխատասենյակում ինքնասպանության փորձ էր կատարել՝ կտրելով սեփական երակները: Ըստ մամուլի հրապարակումների՝ ավելի վաղ Կարեն Ստեփանյանը Կոստանյանի դրդմամբ կայացրել էր մի վճիռ, որը հայտնվել էր ԱԱԾ ուշադրության կենտրոնում: 

Նախորդ հոդվածը‘Սկոլարի. ՖԻՖԱ-ն վերադառնում է 30-ականներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական օնլայն-պարբերականները, ի պաշտպանություն գործընկերոջը, հրաժարվել են լուսանկարներից’