‘Բագրատյան. Արտաքին պարտքը կավելանա 11 տոկոսով’

813

ԱԺ-ում շարունակվում են 2013 թվականի բյուջեի քննարկումները: iLur.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը խորապես հիասթափություն հայտնեց բյուջեի վերաբերյալ, «որտեղ ամեն մի թվային տվյալ իրականությանը չի համապատասխանում»:

«Եթե նույնիսկ թողնենք բյուջեի բովանդակային մասը, ֆինանսների նախարարի կողմից հայտարարված թվերը իրականում ճիշտ հակառակն են: Շատ լուրջ է այս հարցը, մենք պետք է նախարարներից ու վարչապետից հավաստի տվյալներ ստանանք, եթե չեն անելու, ապա այս ամենից նախագահի հրաժարականի հոտ է գալիս: Երեկ վարչապետը հայտարարեց բյուջեի սոցիալական ուղղվածությունը, որի համար նախատեսվող ծախսերը կրճատվել են, այսինքն՝ այսպես չի կարելի խաբել ԱԺ-ին», — ասաց նա:

ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ երեկ Վաչե Գաբրիելյանը ստվերային տնտեսության տոկոսը գնահատեց 35, սակայն ըստ Բագրատյանի՝ այդ թիվը նույնպես չի համապատասխանում իրականությանը:
«Ինչպես պետք է կրճատեն արտաքին պարտքը, երբ բյուջեում նախատեսված է 3 մլրդ 800 մլն-ից այն դարձնել 4 մլրդ 200 մլն, այսինքն՝ ստացվում է, որ արտաքին պարտքը կավելանա 11%-ով»,- ասաց Հ. Բագրատյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն դիտարկումը, որ 2013 թվականին կդիտվի արտաքին պարտքի նվազում:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների կիրառման դասագրքի հեղինակներին ‘
Հաջորդ հոդվածը‘Դագաղներով բեռնված մեքենայում աֆրիկացի փախստականներ են հայտնաբերվել ‘