‘
Այսօր ԱԺ-ում «Պետական վիճակագրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ չի կարող առիթը բաց թողնել և մի երկու խոսք չասել Ազգային վիճակագրական ծառայության մասին: Ի դեպ, նիստին ներկա էր նաեւ ԱՎԾ նախագահ Մնացականյանը:
«Ես առաջարկում եմ ընդհանրապես ձեռնպահ մնալ այս քվեարկությունից, որովհետև մեր վիճակագրությունը, որպես այդպիսին, գտնվում է խայտառակ վիճակում, նաև պարոն Մնացականյանի շնորհիվ: Որպեսզի դուք պատկերացնեք՝ ինչ է այս կառավարության վեցամյա գործունեության արդյունքը՝ ՀՆԱ-ն 11 միլիարդ 700 միլիոն դոլարից իջել է 9 միլիարդ 910 միլիոն դոլարի, բայց անընդհատ աճել ենք: Աճել ենք պարոն Մնացականյանի սարքած, չեմ խորշի ասել՝ տրյուկների պատճառով: Որպեսզի դուք պատկերացնեք, թե որն է ձեր գործունեության արդյունքը, հանրապետական մեծամասնություն, ՀՆԱ-ն 2008 թ. մեկ շնչին բաժին ընկնող 3 950 դոլարից դարձել է 3 300 դոլար: Մենք վերջնականապես Այսրկովկասում և ռեգիոնում վերջինն ենք, մենք 94-96-ի ծանր տարիներին, պատերազմի տարիներին եղել ենք գոնե Վրաստանից ու Ադրբեջանից առաջ: Ադրբեջանը թողնում եմ մի կողմ, մենք կտրուկ, բոլոր թվերով զիջում ենք Վրաստանին: Մի ֆենոմեն, որը պատկանում է պարոն Մնացականյանին՝ մենք անընդհատ աճել ենք շատ ավելի բարձր տեմպերով, քան Ռուսաստանը, հատկապես, նկատի ունեմ՝ սկսած 2003թ.-ից՝ եթե մենք ավելի արագ ենք աճում, քան Ռուսաստանը, պետք է մոտենանք, չէ՞, Ռուսաստանին, պարզվում է՝ հետ ենք ընկել Ռուսաստանից»,- հայտարարեց Բագրատյանը:
Նրա խոսքով, 2012-1990թթ., Հայաստանի տնտեսությունը անկում է ապրել 50%, Վրաստանի տնտեսությունը անկում է ապրել 4 անգամ՝ 75 տոկոս, հետո մենք սկսել ենք արագորեն երկնիշ աճեր ունենալ, այսօր մեր ՀՆԱ-ն, շղթայական ինդեքսը հաշվում ենք՝ կազմում է 1990թ.-ի 162 տոկոսը:
«Վրաստանը չի կեղծել, Վրաստանն ասում է՝ ես 72 տոկոսի վրա եմ: Ես իջել եմ մինչև 25 տոկոս, 25-ից բարձրացել եմ 72 տոկոս, բայց դեռ չեմ հասել 1990թ. մակարդակին: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով չնայած մենք այն ժամանակ ավելի զարգացած էինք, այսօր Հայաստանը պաշտոնական թվերով զիջում է Վրաստանին: Այ, պարոն Մնացականյանի վիճակագրական տրյուկների պատճառով: Ինչո՞ւ, մարդը անընդհատ տեմպ է տվել, 7%, 8%, 9%, 12%, 10%, բայց մեջը բան չկա: Համաշխարհային բանկը, տեսնելով այս խայտառակ վիճակը, ի՞նչ է արել, վերադարձել է 1990թ., սկսել է հաշվել 1990թ.-ի համար ՀՆԱ-ն: Կատարված է խոշորագույն հանցագործություն հանրապետության պատմության մեջ: Մենք ո՞նց ենք սրա տակից դուրս գալու չգիտեմ: Հանրապետության վիճակագրական բազան վստահելի չէ, թվերն իրար չեն բռնում: …Սա դեզինֆորմացիայի ծառայություն է, մեզ պետք չէ այսպիսի ծառայություն, և ես ձեզ խնդրում եմ ձեռնպահ մնալ ցանկացած քվեարկությունից և կոչ եմ անում հանձնաժողով ստեղծել՝ ստուգելու համար, թե ոնց են վիճակագրության ոլորտում գործերը»,- հայտարարեց Բագրատյանը:
‘