‘Բագրատյան. Հայաստանի իշխանությունների հայտարարությունները թանկ են նստելու ԼՂՀ վրա’

1485

Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խոսքերից հետո հայկական քաղաքական միտքը ուշքի չի գալիս. առանց խորանալու՝ Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի մակարդակով արվում են հայտարարություններ, որոնք թանկ են նստելու ԼՂՀ վրա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Այդ հայտարարությունների իմաստն այն է, որ բա իհարկե Ղարաբաղը հո Հայաստանի հետ ՄՄ կամ Եվրազես չի մտնում։ Ադրբեջանական day.az-ը եւ zerkalo-ն ցնծության մեջ են. իբր թե հայերն ահա խոստովանում են, Ղարաբաղը Հայաստան չէ։ Պարոնայք, մի՞թե նախորդ գրառումից չհասկացաք, որ ԼՂՀ-ն տնտեսապես Հայաստան է։ Երբ ԱՀԿ էինք մտնում, հարցն էլ հենց այն էր, որ քանի որ ԼՂՀ քաղաքական ճակատագիրը դեռ որոշված չէր, ապա մինչ այդ (որոշվելը) Արցախը պետք է առեւտուր աներ։ Ադրբեջան ճամփեքդ բացո՞ւմ ես, որ ԼՂՀ-ն առեւտուր անի։ Պատասխան՝ ոչ։ Հայաստան՝ դո՞ւ։ Պատասխան՝ այո։

Եվ ուրեմն, Հայաստանի մաքսային օրենքներով առևտուր անելն օրինական է ԼՂՀ համար։ Սա էր, որ պետք է պատասխան տրվեր Նազարբաևին։ Սա է, որ գոնե հիմա պիտի ասվի։ Ախր ԱՀԿ մտնելիս այսպես է հաղթահարվել ԼՂՀ խնդիրը։ ԱՄՀ-ն ֆինանսավորում է ՀՀ դրամը, որն օգտագործվում է նաև ԼՂՀ-ում։ 1994թ փետրվարին ՀՀ-ն ՀԲ-ից 24 մլն դոլար վարկ է ստանում, երբ պատերազմը Ղարաբաղում շարունակվում էր։ Այդ ի՞նչ արտգործնախարար է Նախագահի (երեւի նկատի ունի Ս.Սարգսյանին-խմբ.) կողքին, որ այս ամենը չգիտի։ Իրականում Նազարբաևը հնարավորություն էր տվել Ալիևին հստակ պատասխանելու։ Իսկ դո՞ւք»,- գրել է Բագրատյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Եվրասիկական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է արդեն հունիսի 15-ին ստորագրել ԵԱՏՄ անդամակցության շուրջ փաստաթուղթը: Ինչին ի պատախսան` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել էր, որ ստորագրումը հնարավոր է հուլիսի 1-ից ոչ շուտ, քանի որ Հայաստանը պետք է կատարի որոշ պարտավորություններ: Ընդ որում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վերստին հայտարարել էր, թե պետք է հաշվի առնվի ղարաբաղյան հարցը: Նա, մասնավորապես, ընդգծել էր, որ Ադրբեջանը կարծում է, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին կարող է միանալ այն սահմանների շրջանակում, որոնցում մտել է ԱՀԿ:  «Մենք Ադրբեջանի նախագահից նամակ ենք ստացել այն մասին, որ  Հայաստանը ԱՀԿ-ին անդամակցել է վերապահումով, որ դրույթները պետք է տարածվեն Հայաստանի տարածքում` նրա միջազգային սահմանների շրջանակում, որոնք ճանաչել է ՄԱԿ-ը, ինչպես նաև ԱՀԿ-ը: Սա` քննարկման համար», — նշել էր Նազարբաևը: Սերժ Սարգսյանը ակնհայտորեն շփոթվել էր Նազարբաեւի հայտարարությունից, սակայն, այդպես էլ որեւէ պատասխան չի տվել: Պատասխանը հնչել է երկու օր անց՝ Հայաստանում: Սերժ Սարգսյանը երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել էր Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը՝ Կոմիտաս 5-ի մասին. քաղաքաշինական նորմերը պահպանված են’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում’