‘
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը: Հայտարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ ճանաչել եւ դատապարտել Ցեղասպանության փաստը: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի խորհրդարանն «արժեւորում է Ցեղասպանության վերաբերյալ Համահայկական հռչակագիրը»:
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սուր քննադատության ենթարկեց Համահայկական հռչակագրին արված հղումը, քանի որ հռչակագրում պահանջատիրական տարրեր կան:
«Ընդհանրապես՝ պարզեք, թե ինչ եք ուզում: Այսօր իրատեսական է ցեղասպանության ճանաչման հարցը դնելը: Ամեն անգամ, երբ որեւէ պետություն ճանաչում է Ցեղասպանության փաստը, դա քայլ է մեր անվտանգության ապահովման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի 50 պետություն ճանաչած կլինեին, եթե մենք այդ հարցադրումն արած լինեինք, իհարկե, եթե ԵՏՄ չգնայինք: Մենք էլ ենք աշխատել, եւ աշխատել ենք ոչ վատ: 1991-98 թվականներին, երբ պետության օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցը չկար, ավելի շատ պետություններ են ճանաչել, քան մնացած ժամանակ: Արդյո՞ք պարտություն չէ, երբ այժմ՝ 100-ամյակի նախօրեին, Ցեղասպանությունը ճանաչում է ընդամենը 2 երկիր», — ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ը չպետք է Թուրքիայից պահանջատիրության հարց դնի, դրանով, ըստ նրա, Հայաստանը կբարդացնի հարաբերությունները անգամ այն երկրների հետ, որոնք դրականորեն են տրամադրված Ցեղասպանությունը ճանաչելու հարցում:
«Առաջին նախագահն ուրիշ մոտեցում ունի, ասում է՝ ընդհանրապես ճանաչման հարցը մի դրեք: Արժի մտածել՝ ինչու է նա այդպես ասում: Ինչ-որ փորձ ունի մարդը: Իսկ սա, կարծում եմ, որ ստրատեգիական սխալ է, ինչ-որ տեղ վնասարարություն է», — նշեց նա:
Բագրատյանի կարծիքով՝ փոխհատուցման հարց պետք է դնեն մասնավոր եւ հասարակական կազմակերպությունները, բայց ոչ պետությունը, առավել եւս՝ որ Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիայից տարածքային պահանջներ չունի:
«50 տարի հետո, երբ միջուկային զենք կունենաք, հողերն էլ կուզեք: Եթե ուզում եք մի բան, պիտի իմանաք, որ ասելուց հետո գործողություն է հետեւելու: Ամեն մի ակցիային ռեակցիա է հետեւում: Այն Ազգային ժողովը, որը կլինի 50 տարի հետո, ամենահզոր բանակով, այ այն ժամանակ կուզեք: Կարելի է Ցեղասպանության ճանաչումը կասեցնել երկու ձեւով, մեկը՝ ոչինչ չանել, մյուսը՝ հարցը բարձրացնել եւ ուզել ամեն բան: Այդպիսի դիվանագիտություն չի լինում», — ասաց պատգամավորը:
‘