‘Բագրատ Ասատրյան. Եվրոպացիները մեր փոխարեն մեր խնդիրը չեն լուծելու’

1668

Մեկ միլիոն եվրոն որակական, էական, լուրջ ոչ մի խնդիր չի լուծելու, և պարզ է, որ եվրոպացիները մեր տեղը մեր խնդիրը չեն լուծելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով Հայաստանին մեկ միլիոն եվրո տրամադրելու՝ Եվրամիության որոշմանը:

«Ունենք շատ լուրջ պրոբլեմ՝ սարսափելի մեծ չափերի հասած բնակչության միգրացիա էլ չէ՝ փախուստ, մենք ճգնաժամի առաջ ենք կանգնած: Տարեցտարի նվազելու է աշխատանքային տարիք մուտք գործողների թիվը, էական շեղում կա բնակչության կառուցվածքում: Այսօրվա սերնդից յուրաքանչյուր հինգերորդը դատապարտված է մայր չլինելուն, որովհետև կին-տղամարդ հարաբերակցությունն այդպիսին է: Առաջիկա տարիներին մահացողների թիվը գերազանցելու է ծնվողների թիվը»,- ասաց Ասատրյանը:

Նա հիշեցրեց հարցումներից մեկի արդյունքները, որոնց ժամանակ պարզվել էր, թե շուրջ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի իր ապագան տեսնում է Եվրոպայում՝ անկախ նրանից՝ աշխատանքով ապահովված են, կրթություն ունեն, երիտասարդ են, թե ոչ: Նա համեմատության համար նշեց, որ Հայաստանից մոտ երեք անգամ ավելի բնակչություն ունեցող Ադրբեջանում Եվրոպա ձգտողների թիվը կես միլիոն է:

Ասատրյանի համոզմամբ՝ մենք պետք է մեր համակարգը վերափոխենք, քանի որ եթե այսպես շարունակվի, Հայաստանն ապագա չունեցող երկիր է լինելու:

Նախորդ հոդվածը‘Հայրիկյանը ամենաաղքատ մարդը չի, սակայն կառավարությունից 50 հազար դոլար է ստանում’
Հաջորդ հոդվածը‘Սուրեն Զոլյանի ընդդիմադիր ելույթները զարմացրել են ԵՊԼՀ դասախոսին’