‘Բագրատ Ասատրյան. Հայաստանի հիմնական խնդիրը Սահմանադրության դրույթների համատարած խախտումներն են’

874

Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան են, այլ երկրի Սահմանադրության այն դրույթների համատարած խախտումները, որոնք պաշտոնյաներին արգելում են զբաղվել ձեռներեցությամբ: Սեպտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել  է ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նրա կարծիքով, երկրի իշխանությունները հետապնդում են միայն մեկ նպատակ` վերարտադրել հանցավոր համակարգը, ինչը երբեք դրական արդյունքի չի հանգեցնի: Ասատրյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, որի պայմաններում իշխանության ղեկին են հայտնվել երկրի ամենահարուստ քաղաքացիները: Ընդ որում, նրանց հայտարարագրերում նշված է, որ իրենք այդպիսին են դարձել իշխանության գալուց հետո՝ մեկ լումա անգամ չվճարելով պետական բյուջե: «Ծիծաղելի է, երբ երկրում բոլորը խոսում են ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին: Միանգամայն հասկանալի է, որ այդ պայքարի էպիկենտրոնում կհայտնվի շարքային գյուղացին կամ փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչը: Իսկ նրանք, ովքեր կարողություն են դիզել ներկա իշխանության օրոք, միշտ օրենքից վեր կլինեն», — ընդգծել է ԿԲ նախկին ղեկավարը՝ հիշեցնելով վերջերս տեղի ունեցած մի դեպքի մասին, երբ պարզվել էր, որ երիտասարդ պաշտոնյան պետական կառույցում աշխատելիս բազմամիլիոնանոց կարողություն էր կուտակել, իսկ Գլխավոր դատախազությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել այդ կարողության աղբյուրը պարզելու նպատակով:

«Այնքան ժամանակ, քանի դեռ այս համակարգը չի փլուզվել, Հիմնական օրենքը բոլորի համար պարտադիր չի դարձել, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելը, պարզապես, անիմաստ է», — հավելել է Ասատրյանը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Կրկին շնորհակալ եմ աջակցության և սիրո համար» (oրվա լուսանկարը)’
Հաջորդ հոդվածը‘Տորեսը «Միլանում» արդյունավետ խաղ է ցուցադրում (տեսանյութ)’