‘Բազմաթիվ անօթևան մարդիկ, հոսանքազրկված բնակավայրեր, ռադիոակտիվ աղետի վտանգ. «Սենդի» փոթորիկն անցնում է ԱՄՆ-ով ‘

665

Արդեն մեկ օր է, ինչ Միացյալ Նահանգներում «Սենդի» փոթորիկն սկսել է իր անողոք «հաղթարշավը»: Հազարավոր անօթևան մարդիկ, ավերված տներ, ջրի տակն անցնող թաղամասեր, էլեկտրազրկված բնակավայրեր. ներկայումս 17 կմ/ժ արագությամբ շարժվող փոթորիկն ուղեկցվում է 120 կմ/ժ-անոց հարակից քամիներով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած օրվա ընթացքում փոթորկի հետևանքով զոհվել է 10 մարդ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է երկրի արևելյան հատվածն ալեկոծած «Սենդի» փոթորկի հարցով արտակարգ խորհրդակցություն անցկացնել Սպիտակ տանը, հայտնում է РИА Новости-ն:

Փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակում է հայտնվել Ամերիկայի ամենահին ատոմակայանը, հայտնում է Միջուկային հարցերի կարգավորման հանձնաժողովը: Ջրի տակն անցնելու վտանգի տակ է ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը: Հնարավոր վթարներից խուսափելու համար ատոմակայանի ղեկավարությունը դադարեցրել է ռեակտորի աշխատանքը: Ռադիոակտիվ նյութերի արտանետման միջին աստիճանի վտանգ կա:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Նյու Յորքի էլեկտրաէներգիայի մատակարարման Consolidated Edison կայանում խոնավեցման պատճառով պայթյուն է որոտացել: Մարդկային զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկատվություն չկա: Միջադեպի հետևանքով հոսանքազրկվել է Մանհեթենի բժշկական կենտրոնը: Իրականացվում են հիվանդների հրատապ տարհանման աշխատանքներ:

Ջրի տակ է անցել Նյու Յորքի կենտրոնում գտնվող «ՄակԴոնալդս» հայտնի ռեստորանը: Ինտերնետում տեղադրված տեսանյությում պարզ երևում է, թե ինչպես է ռեստորանի կահ-կարասին լողում բոլոր կողմերից ներս հոսող մեծ քանակությամբ ջրում:

Նախորդ հոդվածը‘Սթիվ Ջոբսի զբոսանավը ջուրն է իջեցվել Նիդեռլանդներում ‘
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանի փաստաբանը համոզված է, որ Հանթսմանները խոսելու են ‘