‘Բազմաթիվ խախտումներ թիվ 1 ընտրատարածքում’

1180

Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-ին 1-ին ընտրատարածքում տեղի են ունենալու ԱԺ մեծամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ: Պատգամավորական ազատված տեղի համար մրցավազքի մեջ են մտել չորս թեկնածուներ, որոնցից հիմնական ֆավորիտներն են ՀՀԿ-ից առաջադրված` Երևանի քաղաքապետի ազգական Ռոբերտ Սարգսյանը և «Ժառանգություն» կուսակցությունից առաջադրված Ստյոպա Սաֆարյանը:

Այն ժամանակ, երբ Ստյոպա Սաֆարյանը անցկացնում է բակային հանդիպումներ և համարյա ամեն օր հանդիպում լրագրողների հետ (հարցազրույցներ, ասուլիսներ, և այլն), ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը համարյա չի երևում մամուլի հրապարակումներում, ինչպես նաև Ավանի և Նոր-Նորքի բակերում:

Սակայն, ի տարբերություն ընտրողների և լրագրողների հետ շփումների, նախընտրական շտաբերի և 6 քառակուսի մետրից մեծ պաստառների (բիլբորդների) քանակով Ստյոպա Սաֆարյանը էականորեն զիջում է Ռոբերտ Սարգսյանին:

Ստյոպա Սաֆարյանը ունի ընդամենը մեկ շտաբ և չունի ոչ մի բիլբորդ-պաստառ: Փոխարենը Ռոբերտ Սարգսյանը, համաձայն կատարված ուսումնասիրությունների, ունի 50 նախնտրական շտաբ և 12 բիլբորդ-պաստառ:

Խախտումներ

1. Ընտրական Օրոնսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը հստակ ասում է` տվյալ ընտրատարածքում թեկնածուի շտաբերի քանակը չի կարող գերազանցել ընտրատարածքի ընտրական տեղամասերի քանակը (այս դեպքում` 35):

Հանրապետական թեկնածուն ունի 50 շտաբ, ինչը հայտնաբարել են «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստները:

Տեսանյութում` Ռոբերտ Սարգսյանի 50 շտաբերի նկարները

2. Ընտրական Օրենսգրքի նույն հոդվածը ենթադրում է, որ թեկնածուի շտաբը չի կարող տեղակայվել նույն շենքում/շինությունում, որում տեղամասային ընտրական հանձնաժողով է գտնվում: Այս դրույթը կրկին խախտվել է Ռոբերտ Սարգսյանի կողմից:

Տեսանյութում` Ռոբերտ Սարգսյանի շտաբը` թիվ 1/11 տեղամասի հետ նույն շենքում (Ավան, Դուրյան 38 հասցեում)

3. ՀՀԿ թեկնածուի նախնտրական շտաբերի վրայի ցուցատախտակների վրա գրված է, որ դրանց տպաքանակը 35 հատ է այն դեպքում, երբ մենք արդեն տեսանք 50 այդպիսի պաստառ:

\"\"

4. Ռոբերտ Սարգսյանի նախընտրական թռուցիկների վրա գրված է, որ դրանց տպաքանակը 5000 է, սակայն գրված չէ տպագրության պատվերի համարը (դա պարտադիր է), ինչի հետևանքով անհնար է դառնում վերահսկել, թե քանի անգամ է թեկնածուն 5000-անոց տպաքանակով թռուցիկ պատվիրել:

\"\"

5. Իշխանության թեկնածուի նախնտրական պաստառները փակցված են բազմաթիվ բազմաբնակարանային շենքերի վերելակներում, ինչը հակասում է Ընտրական Օրենսգրքին (այդ պաստառները պետք  է փակցվեն միայն ՏԻՄ հաստատած տեղերում):

6. Ռոբերտ Սարգսյանի նախընտրական հիմնադրամը կազմում է շուրջ 2,7 միլիոն դրամ: Եթե նույնիսկ վերացականորեն պատկերացնենք, որ բոլոր 50 շտաբերում աշխատող մարդիկ կամավորներ են և չեն վարձատրվում, և որ միջինում յուրաքանչուր շտաբի վարձակալության համար թեկնածուն վճարել է 75 հազար դրամ (համոզված եմ` իրականում գինը մի քանի անգամ ավել է), ապա կստացվի, որ բոլոր շտաբերի վարձակալության գումարը կազմում է 3.75 միլիոն դրամ, ինչը արդեն շուրջ մեկ միլիոն դրամով ավել է, քան կազմում է նախնտրական հիմնադրամը:

Եթե այդ ծախսերին գումարենք 12 բիլբորդ-պաստառները, որոնք, ըստ գործող շուկայական գնի, չէին կարող լինել ավելի էժան, քան 200 հազար դրամ յուրաքանչուրը (գումարային` 2,4 միլիոն), ապա կստացվի, որ շտաբերի վարձակալության և բիլբորդ-պաստառների համար թեկնածուն ծախսել է առնվազն 6,15 միլիոն դրամ:

Այսինքն, այսպիսի պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հաշվի չառնելով շտաբերի կահավորումը, դրանց աշխատողների վարձատրությունը և ծախսերի (հեռախոս, բենզին, ընդմիջում և այլն) փոխհատուցումը, շտաբերի ցուցատախտակների տպումը, անհայտ (առնվազն 5000) քանակությամբ թռուցիկների տպումը, վերելակների մեջ փակցված պաստառների տպումը և մի շարք այլ ծախսեր, ՀՀԿ-ական թեկնածուն արդեն ծախսել է ավելի քան 6 միլիոն դրամ` բիլբորդ-պաստառների և նախնտրական շտաբերի վարձակալության վրա, ինչը 3,3 միլիոնով գերազանցում է իր հայտարարագրած գումարը:

Հուսանք, որ Կենտրոնական Ընտրական Հանձանժողովը աչք չի փակի այս փաստերի վրա և ընտրապայքարը կվերադարձնի օրինական դաշտ:

Դանիել Իոաննիսյան

hetq.am

 


Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը` «Սպարտակում»’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. «Հայաստան» հիմնադրամը և նրա 25 մասնաճյուղերը պետք է ավելի վաղ գործի անցնեին’