‘
Ամերիկյան Բալթիմոր քաղաքում աֆրոամերիկացի Ֆրեդի Գրեյի հուղարկավորությունը վերաճել է բողոքի զանգվածային ցույցի, ապա ընդհարումների, որոնց ընթացքում առնվազն 15 ոստիկան է վիրավորվել:
Մերիլենդի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է արտակարգ դրություն եւ գործողության է բերել նահանգի ազգային գվարդիան, որը պետք է օգնի ոստիկանությանը՝ Բալթիմորում կարգուկանոնը վերականգնելու նպատակով:
Արտակարգ դրությունը կգործի մեկ շաբաթ:
Ուղղաթիռներից նկարահանած տեսագրություններից երեւում է, որ փողոցներում տասնյակ քաղաքացիներ բախումների մեջ են մտնում ոստիկանների հետ:
Ոստիկանությունն առնվազն 27 մարդ է ձերբակալել:
Բալթիմորի 25-ամյա աֆրոամերիկացի բնակիչ Ֆրեդի Գրեյը ոստիկանության կողմից ձերբակալման ժամանակ ստացել էր պարանոցի ծանր եւ մինչ այժմ չբացատրված վնասվածքներ, ինչից հետո մահացել էր հիվանդանոցում: Նրա մահը՝ ապրիլի 19-ին, անկարգություններ հրահրեց քաղաքում:
Բալթիմորից ստացվում են տեսագրություններ, որտեղ երեւում է՝ ինչպես է ամբոխը թալանում տեղական շուկան եւ վառում ոստիկանական մեքենա: Փոխանցում է BBC-ն:
‘