‘
Վերջին օրերին Մեխիկոյի կառավարությունը ընդունել է մի նոր օրինագիծ, ըստ որի՝ պարտադիր կերպով պետք է գնահատվի հանրակրթական հաստատություններում ուսուցիչների իրակացրած աշխատանքը, քանի որ վերահսկողություն իրակացնելու ընթացում պարզվել է, որ նրանցից շատերը կոռումպացված են և չունեն մասնագիտական գիտելիքներ. նրանք առաջ են մղվել ավելի որակավորված գործընկերների շնորհիվ:
BBC-ն փոխանցում է, որ նոր ընդունված օրենքը հազարավոր ուսուցիչների բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել, ովքեր դեմ են արտահայտվել բարեփոխումներին: Ցույցերի արդյունքում Մեխիկոյի կրթական համակարգը մատնվել է անգործության:
Միջոցառումների շրջանակում ուսուցիչները երթով շարժվել են դեպի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի նստավայր, սակայն նրանց ընդունել են միայն նախագահի օգնականները: Զայրացած մանկավարժները փորձել են փակել Մեխիկո տանող երկու հիմնական ճանապարհները, ինչն էլ հանգեցրել է բախումների:
Ոստիկանությունը, փորձելով ազատել ուսուցիչների կողմից գրավված գլխավոր հրապարակը, օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ի պատասխան ոստիկանական գործողությունների՝ ցուցարարները շպրտել են հրկիզվող պայթուցիկներ, քանի որ կառավարության կողմից հայտարարված վերջնաժամկետն ավարտվում էր, և ոստիկանությունը պատրաստվում էր ավելի լուրջ գործողությունների:
Ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է կատարել:
Բողոքի ցույցերը, սակայն չեն սահմանափակվել միայն Մեխիկոյով: Նրանք տարածվել են Մեքսիկայի ավելի քան 10 քաղաքներում:
‘