‘Բակո Սահակյանը ընդունել է համանախագահներին’

652

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ նրանց ուղեկցող անձանց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող  հարցեր: Հայ սպային կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել է անթույլատրելի` հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Այս համատեքստում երկրի ղեկավարը կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:

Բակո Սահակյանը հերթական անգամ վերահաստատել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետեւանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:  

Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսատանը քննադատող ռուս գեղեցկուհիների քանակը ավելանում է’