‘Բակո Սահակյանը լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն է պահանջել զինված ուժերից’

802

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը եւ 2015թ. անելիքներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Նախագահը 2014 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան եւ կմնան պետության համար ամենակարեւոր ու առանցքային ուղղություններից:

Խոսելով  այս տարվա անելիքների մասին՝ նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային եւ համապետական մի շարք կարեւորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաեւ զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները եւ իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ եւ արժանի հակահարված կտանք մեր անկախության, անվտանգության եւ արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախորդ հոդվածը‘Նաիրտցիների նամակը Սերժ Սարգսյանին. Աշխատավարձի պարտքի մարումը զերծ կպահի ծայրահեղ միջոցների դիմելուց’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է ջերմաստիճանի տատանում 3-4 աստիճանի սահմաններում’