‘Բակո Սահակյանը հանդիպել է առողջապահության համակարգի աշխատողների հետ ‘

613

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել առողջապահության համակարգի աշխատողների հետ եւ քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրները եւ նրանց լուծման հեռանկարները: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ ԼՂՀ-ն միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով, որոնք ճանաչված էին նրա սահմաններից դուրս, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ձեւավորված ավանդույթների պահպանման եւ ոլորտի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար:

Առողջապահության ոլորտը որակելով որպես մեր հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկը՝ նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի բնակչության լայն խավերի համար բուժօգնության մատչելիության, որակի եւ արդյունավետության բարձրացման` սկսած առաջնային բուժօգնության ցուցաբերումից մինչեւ մասնագիտացված բուժման ավարտը, նյութական ու ֆինանսական միջոցների եւ կադրերի ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները:

Այս ամենի հետ մեկտեղ Սահակյանը նշել է, որ դեռեւս չլուծված են մնացել մի շարք կարեւորագույն խնդիրներ` կապված  համապատասխան բարեփոխումների իրականացման, ոլորտի զարգացման հեռանկարների կանխանշման, կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման հետ:

Բակո Սահակյանը բժշկական սպասարկման որակի հետեւողական բարձրացման հետ մեկտեղ կարեւորել է նաեւ առողջ ապրելակերպի քարոզումը, ինչը  հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի հասցնել քաղաքացիների առողջության պահպանումը եւ կանխել բազմաթիվ հիվանդություններ: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը համապատասխան կառույցների հետ եւ որպես սկզբնական օղակ նախադպրոցական ու դպրոցական հասատատությունների ընդգրկումը՝ հավելելով, որ այստեղ գերնպատակ է հանդիսանում առողջ բնակչություն ունենալը եւ ազգային գենոֆոնդի պահպանումը:

 

Նախորդ հոդվածը‘«Վախտին ռուս իմպերիալիստական ԿԳԲ-ի հրամանով Հայրիկյանի դեմ մահափորձեր էի կազմակերպում» ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Սերժ Սարգսյանի «խփել»-ը հումոր էր’