‘Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածնունդի օրվա կապակցությամբ’

761

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանրապետության քաղաքացիներին շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 «Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: Փետրվարի 20-ը  մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ: Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ`  մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց,  այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ: Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի:   Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները»:

1988 թվականի փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ մարզային խորհրդի եւ Շահումյանի շրջանային խորհրդի հետ համատեղ նիստում որոշում կայացրեց Ադրբեջանի ՍՍՀ կազմից դուրս գալու եւ Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելու մասին: Խորհուրդը այս որոշման պատճենը ուղարկեց Ադրբեջանական եւ Հայկական ՍՍՀ-երի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ հաստատման: Բաքվի իշխանությունները Կրեմլի թողտվությամբ այս որոշմանն ի պատասխան հայերի ջարդեր կազմակերպեցին Սումգայիթում՝ 1988-ի փետրվարին, Բաքվում, 1990թ. հունվարին, Կիրովաբադում (Գանձակ) եւ այլուր:  

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար Արարատի մարզում’
Հաջորդ հոդվածը‘Ղարաբաղում պարտադիր կուտակայինը պատրաստվում են կիրառել 2015-ի հունվարից’