‘Բակո Սահակյանն Ասկերանում խոսել է գյուղատնտեսության զարգացման մասին’

1236

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին  այցելել է քաղաք Ասկերան, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ Ասկերանի շրջանը գյուղատնտեսության զարգացման համար ունի բոլոր անհրաժեշտ պայմանները: Շրջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը` հանրապետության կենտրոնական մասում, կարեւորագույն մայրուղիների խաչմերուկում տեղակայված լինելը եւ մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ գտնվելը, ջրային պաշարների ու լայն ճանապարհային ցանցի առկայությունը ոլորտի զարգացման համար ստեղծում են հզոր խթաններ:

Բակո Սահակյանը նշել է, որ այս ամենը լավագույնս օգտագործելու համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք` ինչպես տնտեսավարող սուբյեկտների, այնպես էլ շրջանային ու հանրապետական օղակների մակարդակով:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող նոր ծրագրերին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրանց հիմնական նպատակն է շահագրգռել տնտեսավարող սուբյեկտներին, բարենպաստ պայմաններ ստեղծել նրանց աշխատանքը ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

Նախորդ հոդվածը‘Անդերս Բրեյվիքը բողոքում է բանտում անտանելի պայմաններից’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանում առնվազն 10 բեռնատար է ընկել կամրջից (լուսանկարներ)’