‘
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Յան Քելլիին (ԱՄՆ) եւ նրանց ուղեկցող անձանց, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:
Հանդիպման սկզբում նախագահ Սահակյանը ողջունել է ԱՄՆ համանախագահ Յան Քելլիին, մաղթել նրան հաջողություններ աշխատանքում՝ միաժամանակ բարձր գնահատելով նախկին համանախագահ Ռոբերտ Բրադտկեի ներդրումը խաղաղ կարգավորման գործընթացում:
Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Բաքուն շարունակում է ապակառուցողական իր քաղաքականությունը, ինչը մեծ վտանգ է հանդիսանում ինչպես խաղաղ գործընթացի, այնպես էլ ողջ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման համար:
Սահակյանն ափսոսանքով է արձանագրել, որ պաշտոնական Ստեփանակերտի կողմից տոնական օրերին զինադադարի ռեժիմը չխախտելու առաջարկը Ադրբեջանի կողմից փաստացիորեն անտեսվել է, եւ Բաքուն շարունակում է ամենօրյա խախտումները սահմանի ողջ երկայնքով:
Նախագահը հերթական անգամ վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ Արցախը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
‘