‘
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Արցախի եւ Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
‘