‘Բակո Սահակյան. Արցախը պատրաստ է խորացնել կապերը Ֆրանսիայի հետ’

1087

Ֆրանսիան նշանակալի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, ինչը պայմանավորված է միջազգային հարաբերություններում Ֆրանսիայի կարեւոր դերակատարությամբ, այնտեղ հայկական մեծ համայնքի առկայությամբ եւ Ֆրանսիայի հանդեպ հայ ժողովրդի ընդգծված բարեկամական վերաբերմունքով: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Ֆրանսիայի սենատի անդամ Ֆիլիպ Կալտենբախի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Արցախը շահագրգռված է Ֆրանսիայի հետ կապերի շարունակական ընդլայնման ու խորացման մեջ եւ պատրաստ է անել հնարավորն այս ուղղությամբ, փոխանցում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը: Որպես փոխգործակցության կարեւոր ուղղություն՝ երկուստեք նշվել է խորհրդարանական կապերի զարգացումը եւ դրա համար անհրաժեշտ հիմքերի առկայությունը:

Ստեփանակերտում Ֆրանսիայի պատվիրակությանն ընդունել է նաև արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նա գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի օրենսդիրների Արցախ այցելությունների առնչությամբ, որոնք գնալով ավելի հաճախակի են դառնում: Կարեն Միրզոյանի համոզմամբ, այդ այցերը նպաստում են ոչ միայն Արցախի և Ֆրանսիայի միջև ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, այլև կարևոր նշանակություն ունեն ողջ արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք և համակողմանի պատկերացում կազմելու համար:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում տեղի կունենա Արհեստների և արվեստի 2-րդ փառատոնը ‘
Հաջորդ հոդվածը‘Գերմանական հետախուզությունը Թուրքիային կասկածում է միջուկային զենք մշակելու մեջ’