‘
Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին պատրաստ է սառեցնել քրդական ինքնավարության անկախության հանրաքվեի արդյունքները՝ դաշնային կառավարության սահմանած պատժամիջոցները հանելու դիմաց: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Arabiya հեռուստատեսությունը, հայտարարել է Իրաքի փոխնախագահ Ուսամա ան-Նուջեյֆին՝ քուրդ առաջնորդի հետ բանակցություններից հետո:
Իրաքի դաշնային իշխանությունները չեն բացառում համադաշնության ստեղծումը Իրաքյան Քրդստանի հետ՝ քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով: Ինչպես հայտարարել է Իրաքյան Քրդստանի քաղաքական ղեկավարության խորհրդի անդամ Աբդալլա Վարատին, «համադաշնություն ստեղծելու առաջարկն արել է երրորդ կողմը, որը ներկայացնում են քրդական ինքնավարության հարևան պետությունները»: Նա նշել է, որ այդ նախաձեռնությունը Իրաքի խորհրդարանի մի քանի քաղաքական խմբակցությունների և կառավարության հավանությանն է արժանացել, սակայն դեռ պաշտոնապես չի ներկայացվել:
Վարատիի խոսքով՝ փաստաթղթում ընդգծվում է, որ «համադաշնությունը այս պահին Իրաքի և Իրաքյան Քրդստանի տարածքներում տիրող քաղաքական իրավիճակի լավագույն լուծումն է»: Սակայն քուրդ քաղաքական գործիչը նշել է, որ Էրբիլը «Բաղդադի հետ համադաշնության ստեղծումը կարող է դիտարկել միայն այն դեպքում, եթե կենտրոնական իշխանությունները ճանաչեն քրդական պետությունը՝ հանրաքվեի արդյունքներով»:
Փոխանցում է tass-ը:
‘